27/12/2025

Անձի երկվություն՝ կարծես 2 իրար հետ անհաշտ մարդիկ են նույն մարմնում

Այն, որ մեր երկրում երկակի ստանդարտները ծաղկում են, թերեւս, ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Հրապարակ թերթը գրել է. Դա հատկապես ակնառու է դատաիրավական համակարգում, երբ ծանր հանցագործներն ազատության մեջ են, իսկ միտինգ գնացողներին, իշխանությանը քննադատողներին կալանավորում են եւ ամիսներով պահում բանտում:

Բայց այն, որ կառավարության ղեկավարը կարող է ինքն իրեն այսքան հակասել, ինքն իր ասածները հերքել` այնպես, կարծես 2 իրար հետ անհաշտ մարդիկ են նույն մարմնում, զարմանահրաշ բան է:

Ահա` հայտարարում է, որ իրեն Արցախի բնակիչները չեն ընտրել, եւ ինքը չի կարող նրանց փոխարեն բանակցել ու որոշումներ կայացել, ժամանակ է անցնում, եւ նա բազում փաստաթղթեր է ստորագրում` Արցախի անունից: Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Մինսկի խումբն է լուծարում, հայտարարում է, որ Արցախի հարցն այլեւս փակված է: Արծվաշենի մասին խոսելիս հայտարարում է, որ ինքը` որպես վարչապետ, չի կարող երկրի տարածքից մի միլիմետր հանձնել, որ սահմանների փոփոխությունը միայն հանրաքվեով է արվում, բայց տասնյակ կիլոմետրեր` սահմանազատման անվան տակ, հանձնում է թշնամուն:

Եվ հայտարարում է, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով հետ չեն բերվելու: Խոսում է իշխանության տարանջատման սկզբունքի, Սահմանադրությունը հարգելու մասին, բայց չկա օր, որ չխախտի այդ սկզբունքները` իրավապահներին ուղիղ ցուցումներ չտա, sms-ով պաշտոնյաներ չազատի, անգամ ընտրված պատգամավորին է պարտադրում մանդատը վայր դնել:

Ներխուժում է մարդկանց անձնական կյանք, գաղտնի տեղեկություններ ստանում իրավապահներից, Եկեղեցու իրավասություններին միջամտում: Շարունակ ասում է` ընտրակեղծարարության էջը փակ է, բայց ընտրակեղծիքներով ու հետընտրական ճնշումներով ընտրությունների արդյունքներ է կեղծում: