Պաշտպանության նախարարությունը կոծկում է բանակում մահվան վիճակագրությունը: Հրապարակված թվային տվյալները չեն համապատասխանում բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներին, որոնք մի քանի անգամ գերազանցում են ՊՆ վիճակագրությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Այսպես, հոկտեմբերի 24-ին, Պետրոս Ղազարյանի եթերում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2025 թվականին, մինչեւ հոկտեմբերը ներառյալ, բանակում ունեցել ենք ընդամենը 5 մահվան դեպք: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, սակայն, մահվան դեպքերը երեք անգամ շատ են՝ 15 դեպք միայն 2025 թվականի առաջին եռամսյակում:
Ըստ ՀԿ-ի, զինծառայողների մահվան պատճառներն են` ինքնասպանությունը կամ ինքնասպանության հասցնելը (3 դեպք), առողջական խնդիրները (3), դժբախտ պատահարը (2), սպանությունը (2), ավտովթարը (1), 4 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։ Երկրորդ եռամսյակի արդյունքներն այս ՀԿ-ն դեռ չի ամփոփել, սակայն ակնհայտ է պաշտոնական վիճակագրության հետ շեշտակի տարբերությունը: Ինչո՞վ է այն բացատրվում:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, ինչպես միշտ, անհասանելի է: Վերջերս նա ամեն կերպ խուսափում է օպերատիվ կարգով տեղեկություններ տրամադրելուց: Մեր աղբյուրներն էլ ՊՆ-ում վստահեցնում են, որ տարբերությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ պայմանագրային զինծառայողները տուն են գնում, եւ դեպքերի մեծ մասը կատարվում է ոչ թե զորամասերում, այլ նրանց` տանը եղած ժամանակահատվածում: «10 դեպքի տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Ցավոք սրտի, էսօր մեր երկրի համար նորմալ թիվ է, եթե հաշվի առնենք, որ դրսում են` ծառայության հետ պատճառահետեւանքային կապ չունեցող պատճառներով: 10 հոգի կարող է ավտովթարից, էլեկտրահարումներից, այլ փորձանքներից մահացած լինել, եւ սա ծառայության հետ կապ չունի:
Բանակի մոտ կեսը՝ աֆիցերները, պայմանագրայինները, գնում են տուն, գալիս են»: «Ժամկետայինները քչանում են, պայմանագրայինները շատանում են: Այդքան մարդ անընդհատ շարժի մեջ է»,- ասում է մեր աղբյուրը:
Բանակում մահվան վերջին դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 12-ին: Զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել, իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին՝ շտապեց հայտնել Քննչական կոմիտեն: Իսկ երեկ հաղորդվեց, որ այդ գործով կալանավորված անձ կա:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու