13/02/2026

Կառավարությունում շարունակում են խարխափել տգիտության, անտեղյակության մեջ․ Լուսանկար

Իրենց իսկ խոստովանությամբ` 7 տարի նույն դասարանում մնացած տգետների կառավարությունում շարունակում են խարխափել տգիտության, անտեղյակության մեջ։

Հրապարակ թերթը գրել է․ Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ժամկետային զինծառայությունը երկու տարուց մեկուկես տարի դարձնելու մասին օրենքի նախագիծը:

Իշխանությունն արագացված ռեժիմով կյանքի կոչեց այս պոպուլիստական օրենքը, որ այն կիրառվի ձմեռային զորակոչից, այն է՝ հունվարի 7-ից սկսած, քանի որ հանրության մի զանգված անհամբեր սպասում է այդ օրենքին, որ իրենց զավակները կես տարի պակաս ծառայեն բանակում: Իշխանությունն էլ միանգամից երկու նապաստակ է բռնում` մի կողմից գոհացնում է հայկական բանակը քանդելու պատվեր իջեցրած Ալիեւին, մյուս կողմից` նախընտրական շրջանում նման նախաձեռնություններով փորձում է իր վարկանիշը բարձրացնել:

Այդ մասին առաջին ընթերցման ժամանակ անգամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր խոստովանել։ Սակայն երեկ արտահերթի օրակարգը ներկայացնող արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցերի տակից չկարողացավ դուրս գալ եւ իրավիճակն ավելի խճճեց՝ հայտարարելով, որ օրենքը կիրառվելու է գարնանային զորակոչից սկսած, ու եթե կան խութեր, ապա ժամանակ կա դրանք շտկելու։

Գեղամ Մանուկյանը հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, եթե օրենքն ընդունվեց, նախագահը ստորագրեց, եւ այն ուժի մեջ մտավ` չէ՞ որ մյուս այլ օրենքներում զինծառայության ժամկետ է ամրագրված 24 ամիսը: Փոխնախարարը սկզբում ասաց, որ հիմք է ընդունվելու մայր օրենքը, սակայն երբ ընդդիմադիր պատգամավորն օրինակով բացատրեց, որ, դիցուք, արտասահմանից մեր հայրենակիցը գալիս է եւ քրեական հետապնդումից խուսափելու համար ուզում է ծառայել, բայց այդ օրենքում 24 ամիս է ֆիքսված, նա պատասխանեց, որ բանակը 1.5 տարի դարձնելու օրենքը կիրառվելու է գարնանային զորակոչից, եւ եթե նման խութեր առաջանան, ժամանակ կլինի շտկելու։

Փոխնախարարը, փաստորեն, տեղյակ չէ, որ օրենքը ձմեռային զորակոչից է կիրառվելու, տեղյակ չէ նաեւ, որ ձմեռային զորակոչը սկսվում է հունվարի 7-ից, եւ ժամանակ չեն ունենալու այդքան օրենքներում փոփոխություններ անել:

«Հրապարակ». Իրարից անտեղյակ