ՌԴ նախագահին առընթեր Սոցիալական գործընթացների դիտարկման և վերլուծությունների վարչությունը հրատարակել է «Քաղաքացիական լուսավորության նոթատետրի» հերթական համարը, որտեղ գերատեսչության ղեկավար Բորիս Ռոպոպորտը հանդես է եկել հայեցակարգային հոդվածով:
Այդ մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ հիշյալ հոդվածը որակելով Ռուսաստանի «պետական նոր իդեոլոգեմա»:
Պարբերականը պատմական անդրադարձ է կատարում և նշում, որ ցարական Ռուսաստանի պետական գաղափարախոսության հիմքում դրվել է կոմս Ուվարովի «ուղղափառություն, միապետություն, ժողովրդայնություն» եռամիասնությունը:
Բորիս Ռոպոպորտը ձևակերպել է նոր եռամիասնություն. «ինքնիշխան պետություն, ավանդական հասարակություն, սոցիալական պետություն»: «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը գտնում է, որ «ինքնիշխան և սոցիալական պետություն» սահմանումները «քիչ թե շատ ընկալելի, բացատրելի են, բայց ի՞նչ է նշանակում «ավանդական հանրությունը»»:
Ըստ խմբագրականի, ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան համոզված է, որ ուղղափառ հավատի փոխարեն ներկայումս գերակայություն է «երեք հավատ՝ հավատ առ երկիր, հավատ առ նրա հարևանները, հավատ առ ապագա»:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, ըստ էության, պետականության հոգևոր-քաղաքակրթական հիմքը ենթարկվում է վերասահմանման:
Ցարական Ռուսաստանը հանդես է եկել որպես քրիստոնեական առաքելության կրող և ուղղափառ հավատի պատվար:
Ավելի քան երկու դար Ռուսաստանը միջազգային քաղաքականության հարցերում հանդես է եկել Բալկանների և Արևելքի քրիստոնյաների պաշտպանի դիրքերից: ԽՍՀՄ-ում քրիստոնեկան առաքելականությանը փոխարինել է համաշխարհային հեղափոխության և կոմունիզմի կառուցման գաղափարախոսությունը, որ հենված էր ոչ թե հավատի, այլ դասակարգային ընդհանրության և համերաշխության վրա:
Եթե Ռոպոպորտի հայեցակարգը պետական է, իսկ դրանում կասկածելու հիմքեր չկան, ապա հետևում է, որ Ռուսաստանը որդեգրում է քաղաքակրթական մեկուսացման ուղեգիծ: Ըստ երևույթին, որոշիչ դեր է խաղացել Ուկրաինայի դեմ պատերազմը, որով սլավոնական և ուղղափառ քրիստոնեական միասնության քարոզչությունը լիովին պսակազերծված է:
Պետք է ենթադրել, որ Ռուսաստանի պետական-հանրային կյանքում շատ որոշակիորեն «նվաստանալու է» Ռուս ուղղափառ եկեղեցու և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի հեղինակությունը:
Ըստ էության, Վլադիմիր Պուտինը հանրայնացնում է, որ Ռուսաստանն այլևս «ուղղափառ երկիր չէ» կամ առնվազն միայն «ուղղափառ երկիր չէ»: Դա հստակ ազդակ է առաջին հերթին հետխորհրդային, Բալկանյան և Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքներին:
Ռուսաստանը բացահայտում է սլավոնա-թուրքական «համադաշնության քաղաքական-քաղաքակրթական դաշինքի» նպատակը: Միայն այդ դեպքում է հնարավոր բազմաբևեռ աշխարհում նրա սուբյեկտությունը:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի