2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում խմորումների փուլ է` բանակցություններ, քննարկումներ, նոր ֆորմատների ձեւավորում:
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին մի քանի ՏԻՄ ընտրությունները` Գյումրիում, Էջմիածնում, ցույց տվեցին, որ ընդդիմության համախմբվածությունը միայն կարող է հաջողություն բերել, իսկ պառակտվածությունը բերում է ձայների փոշիացման, ձախողման, ընտրողի հիասթափության: Քաղաքական ուժերը, հավանաբար, Ամանորից հետո ավելի ակտիվ քննարկումներ կսկսեն այս ուղղությամբ:
«Ապրելու երկիր» կուսակցությունը կարծես թե բոլոր ֆորմատներով եւ բոլոր կուսակցությունների հետ միավորվելու պոտենցիալ ունի: Խոսակցություններ կան, որ նրանց հետ միանալ պատրաստ են ՀԱԿ-ը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Արման Թաթոյանի «Միասնության թեւերը», անգամ՝ «Մեր ձեւով»-ը:
Զրուցել ենք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:
– Նախընտրական խմորումները սկսվել են: Տարբեր ուժեր հանդիպումներ են ունենում, քննարկում են իրենց անելիքները: Հետաքրքիր է` դուք ի՞նչ ծրագրեր ունեք, ո՞ր ուժերի հետ եք հանդիպում, ի՞նչ եք քննարկում:
– Այո, մենք եւս անմասն չենք այդ խմորումներից: Տարբեր ուժերի հետ ունենում ենք տարբեր քննարկումներ, ինչը նոր չի սկսվել: Մեզ համար ընտրությունների համար համագործակցելն ինքնանպատակ չէ: Մենք դիտարկում ենք համագործակցություն` երկարաժամկետ նպատակով, որպեսզի երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծենք համատեղ ուժերով: Վստահ ենք, որ այն խնդիրները, որոնք առկա են եւ որոնք դեռ սպասվում են, մեկ մարդու կողմից լուծվելու ենթակա չեն: Քաղաքական դաշտում կան քաղաքական կուսակցություններ, անհատներ, ովքեր ի զորու են պատասխանատվություն վերցնելու այդ պայքարում, եւ այդ ամենի շրջանակներում մենք տարբեր ուժերի հետ քննարկումներ ենք ունենում: Քանի որ այս պահին չունենք վերջնական որոշում, զերծ կմնամ անուններ տալուց, սակայն մենք անում ենք ամեն բան, որպեսզի արդյունավետ, ընտրողների համար ընդունելի եւ վստահելի միավորում ձեւավորենք:
– Այսինքն` այն կարծիքին եք, որ ընտրություններին մենակ մասնակցելն անիմաստ է, պետք է կոալիցիաների գնալ:
– Ամեն դեպքում, մենք հակված ենք համագործակցության գնալ: Թե ինչպես կմասնակցենք ընտրություններին, դա արդեն տեխնիկական հարց է: Առաջնայինը բովանդակային մասն է` հնարավոր համագործակցություններ ձեւավորելու:
– Դեռ վաղուց տեղեկություններ կային, որ ՀԱԿ-ի հետ եք պատրաստվում ընտրություններին մասնակցել:
– Տարբեր ուժերի, այդ թվում` ՀԱԿ-ի հետ ունենք լավ հարաբերություններ եւ ունենում ենք շփումներ: Բայց քանի որ քննարկումները դեռեւս շարունակվում են, եկեք չկոնկրետանանք մեկ ուժի վրա:
– Չկա՞ մտավախություն, որ իշխանությունները կարող են Մոլդովայի օրինակը կրկնել եւ խոչընդոտել ընդդիմադիր ուժերի մասնակցությունն ընտրություններին:
– Իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Սակայն քաղաքական դաշտում առկա ուժերը պետք է լինեն այս առումով ուշադիր, թեպետ ես չեմ կարող ողջ քաղաքական դաշտի անունից խոսել: Մեր կուսակցությունն արդեն չորս տարի է՝ ընտրություններին մասնակցում է, եւ այդ տեսանկյունից մենք չունենք մասնակցելու խնդիր, հետեւաբար, ես չեմ կարող մնացած ուժերի մասին հստակ խոսել: Եթե հարցին նայում ենք քաղաքական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ իշխանությունները բացահայտ բացասական վերաբերմունք ունեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ եւ պատրաստ են ամեն հնարավոր քայլի:
– Կա՞ն ուժեր, որոնց հետ ձեր համագործակցությունը բացառում եք:
– Գործող իշխանությունների եւ խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը բացառում ենք:
– Ելնելով քաղաքական դաշտի առկա պատկերից, ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է ընտրությունների արդյունքում հեռացնել Փաշինյանին:
– Կարծում եմ` այո: Թեպետ իշխանություններն ունեն վատ վարքագիծ, սակայն լավ է, որ հանրության մեծ մասն արդեն դեմ է այս իշխանություններին: Արդյունավետ աշխատանքի արդյունքում ընդդիմադիր ուժերը կկարողանան իշխանափոխություն կատարել: Թեպետ մենք այն կարծիքին ենք, որ ոչ մի ուժի չի հաջողվելու միաձայն հաջողության հասնել, սակայն մի քանի ուժեր, ովքեր կհավաքեն բարձր քանակի ձայներ, կարող են ՔՊ-ին իշխանազրկել: Ժողովրդավարության տեսանկյունից շատ կարեւոր է, որ Հայաստանում ընտրությունների միջոցով վերջապես իշխանափոխություն տեղի ունենա: Այս հարցը եւս մեզ համար առանցքային նշանակություն ունի:
– Ադրբեջանցիները մի եղկելի ֆիլմ են նկարել Ռուբեն Վարդանյանի մասին, որտեղ վերջինիս դեմ խոսում են նաեւ Տիգրան Խզմալյանն ու Սամվել Բաբայանը: Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս են այդ հարցազրույցները հայտնվել ադրբեջանական մեդիայում:
– Անկախ ամեն ինչից, թե այդ տեսագրություններն ինչպես են հայտնվել ադրբեջանական մամուլում, չէր կարելի նման անընդունելի ստոր հերյուրանքներ տարածել Ռուբեն Վարդանյանի մասին…

Բաց մի թողեք
Հոր և որդիների սպшնության մանրամասները
Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի
Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն