Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրարքը օծման տարեդարձի կապակցությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Եղիա Երկրորդին շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ նրան անվանել է «ողջ ուղղափառ աշխարհում ճանաչված Հովվապետ և ջերմեռանդ աղոթող»:
Կիրիլ պատրիարքն ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին բարձր է գնահատում Եղիա Երկրորդի ներդրումը ռուս և վրացի ժողովուրդների «բարեկամական և եղբայրական կապերի պահպան և զարգացման գործում»:
Եղիա Երկրորդը (Իրակլի Գուդուշաուրի- Շիոլաշվիլին) Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրարք է ընտրվել 1977թ. դեկտեմբերի 23 –ին, օծվել և Հովվապետ կարգվել նույն ամսի 25-ին:
Ինչպես երևում է ժամանակագրությունից, Եղիա Երկրորդը օծման և Հովվապետության հոբելյանական տարեդարձ չի նշում, ուստի Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի շնորհավորանքը թողնում է քաղաքական-դիվանագիտական ուղերձի տպավորություն: Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որ ընդունվել է դեկտեմբերի 18-ին, ներքաղաքական ավելի լուրջ սրացումների առիթ է տվել:
Գլխավոր դատախազությունը ձերբակալել է մի քանի նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Ախալայային և Պետական անվտանգության ծառայության նախկին տնօրեն Լիլուաշվիլիին: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեջ:
Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին երկրի ներքաղաքական իրավիճակն անվանել է «ռուսաստանյան ձեռագրով սցենար, որ ուղղված է Եվրոպայի և համաշխարհային քաղաքակրթության դեմ»:
Զուրաբիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլիին հերթական անգամ բնութագրել է որպես «Կրեմլի կամակատարի»: Ավելի խիստ գնահատական բանտից հնչեցրել է նախկին նախագահ Սաակաշվիլին:
Նա Վրաստանի կառավարությանը մեղադրել է Պուտինի «հրահանգով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը խոչընդոտելու» մեջ:
Ըստ երևույթին, Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հետ կապված՝ ռուս-վրացական ոչ հրապարակային քննարկումներ, այնուամենայնիվ, ընթանում կամ ընթացել են, կամ առնվազն նախատեսվում են:
Ռուսաստանի պետական դումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չապան հավանական է համարել, որ Վրաստանը կհամագործակցի ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ որպես «տնտեսական կառույցի անդամ»:
Ռուսաստանցի խորհրդարանականի ներկայացմամբ, Մոսկվան «պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, դրա համար բավական է, որ Թբիլիսին քաղաքական կամք ցուցաբերի»: Վրաստանի կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը դեռևս Չապայի այս դիտարկմանը չի արձագանքել:
Վրացական մի քանի լրատվամիջոց միայն հիշեցրել է վարչապետ Կոբախիձեի տեսակետը, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի խոչընդոտում առևտրա-տնտեսական կապերի պահպանմանը:
Կոբախիձեն միաժանական հավելել է, որ «պրագմատիզմը չի կարող խախտել Վրաստանի կարմիր գծերը»: Խոսքը վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիային, որը ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ է դարձել:
Վրաստանի վարչապետի այս հայտարարությունը գրեթե մեկամյա վաղեմություն ունի: Ներկայումս ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանի կառավարությունը, առայժմ հստակ չէ:
Ակնհայտ է միայն, որ ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում, իսկ Միացյալ Նահանգները, կարծես, այդ վակուումը զբաղեցնելու շահագրգռվածություն չունի:






Բաց մի թողեք
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով