Ալիևի տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցը մեզանում ուշադրության արժանացավ հիմնականում Հայաստանի հետ հարաբերությունների և խաղաղության մասին նրա ոչ այնքան միանշանակ դիտարկումների առումով:
Ալիևը, սակայն, անդրադարձել է առաջին հայացքից միայն ներքին նշանակություն ունեցող մի խնդրի, որի արծարծումը, կարելի է վստահաբար ասել, վկայում է ադրբեջանական «ինքնության» ճգնաժամը:
Բանն այն է, որ Ադրբեջանը պետական անկախության երեսունհինգամյա շրջան է անցել, բայց կառավարման համակարգով մնացել խորհրդային: Սահմանադրությամբ Ադրբեջանը ունիտար պետություն է, որի տարածքը բաժանված է շրջանների՝ ինչպես որ հաստատվել է խորհրդային իշխանության օրոք:
Ադրբեջանում գործադիր իշխանությունը լիովին պատկանում է նախագահին, նա է նշանակում շրջանների և քաղաքների, Բաքվի և Գյանջային վարչական շրջանների գործադիր իշխանության ղեկավարներին:
Համակարգը, երևում է, իրեն չի արդարացնում: Դեկտեմբերի 29-ին Ալիևը պաշտոնից ազատել է Բաքվի Նասիմիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլխան Իբրահիմովին, որին նշանակել էր քառասունյոթ օր առաջ:
Ընդ որում, Իբրահիմովը գրեթե մեկ տասնամյակ զբաղեցրել է Քյուրդամիրի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը: Տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Ալիևը խոստովանել է, որ այդ որոշումն իրեն «մեծ հիասթափություն պատճառել»:
Նա խոսել է «ազատագրված տարածքներում» տեղական իշխանության «հաջողված փորձի» մասին և չի բացառել, որ այդ օրինակը «կարող է կիրառվել նաև այլ տեղերում և, երևի թե, նաև ամբողջ երկրում»:
Օկուպացված Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գործադիր իշխանություն իրականացնում են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները: Նման պաշտոն, ի խախտումն սահմանադրության, Ալիևը ստեղծել է նաև Նախիջևանում:
Ալիևը փաստացի խոստովանել է, որ Ադրբեջանը «ինքնության» ճգնաժամ է ապրում: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը վերանվել է «Ադրբեջանի ազգային խորհուրդ» և պետական կազմավորում հռչակել «արևելյան և հարավային Անդրկովկասի սահմաններում»:
Պատմական և քաղաքակրթական առումով այդ սահմանները որևէ առնչություն ադրբեջանական «ինքնության» հետ չունեն: Խորհրդային վարչական բաժանումը, որքանով հասկացվում է Ալիևի խոսքի ենթատեքստից, իրեն այլևս սպառել է:
Վարչա-տարածքային բաժանման ի՞նչ մոդել կընտրի Ադրբեջանը: Պետք է նկատի ունենալ, որ դրա համար հարկ կլինի գնալ սահմանադրական փոփոխությունների: Ալիևը, երևում է, լրջագույն խնդիր ունի՝ պետական կառավարման համակարգի փոփոխությամբ սահմանադրորեն ամրագրել, որ ներկայիս Ադրբեջանի տարածքը նույնական է ԽՍՀՄ-ից ժառանգածին:
Որքանո՞վ է դա ներգրվում Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացին, մնում է ենթադրել:






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել