Ամերիկյան հարձակման դեպքում Թեհրանը կարող է կիրառել այնպիսի «գործիքներ, որ նախկինում չի օգտագործել»: Այս տեսակետն է հայտնել Իսրայելի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի «Իրանը և շիադավան առանցքը» ծրագրի հետազոտող Դանի Ցիտրինովիչը, գրում է Israel Inside-ը:
Նրա կարծիքով, ամերիկյան նույնիսկ սահմանափակ ռազմագործողությունը Թեհրանում «ընկալվելու է որպես ռեժիմը տապալելու փորձ»: Փորձագետի գնահատմամբ՝ «այդ իրավիճակում Իրանի ղեկավարությունը կարող է կիրառել ավելի կոշտ և լայնածավալ պատասխանի մոդելը՝ ներառյալ Իսրայելի դեմ գործողությունները»:
Նա գտնում է, որ իրանա-ամերիկյան հակամատությանն Իսրայելի ներգրավվելու հավանականությունը կտրուկ կմեծանա «Իրանի դեմ Միացյալ Նահանգների հենց առաջին հարվածից հետո»:
Փորձագետը նկատել է տալիս ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի մոտեցումների տարբերությունը. Եթե Դոնալդ Թրամփի հաշվարկը կարճաժամկետ պատերազմն է, ապա Իրանը խաղադրույք է դնում երկարաժամկետ դիմակայության վրա:
«Չնայած իրանական ՀՕՊ համակարգի խոցելիությանը, Թեհրանը հույս ունի հաղթահարել ճնշումը և ԱՄՆ-ին շոշափելի կորուստներ պատճառել և հարկադրել, որ նրանք դադարեցնեն ռազմագործությունը»:
Ներկայացնելով փորձագետի այս դիտարկումները, Isrel Inside-ը եզրահանգում է, որ Իրանը ոչ թե «հաղթանակի, այլ հյուծիչ դիմակայության է ձգտում այն հաշվարկով, որ առաջինը Միացյալ Նահանգները կհոգնի»:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը «հակամարտության մեջ կներքաշվի Իրանի դեմ ԱՄՆ առաջին հարվածի պահից», իսկ հիմնական սպառնալիքն այն է, որ «ինչքան Վաշինգտոնը ձգտի դադարեցնել պատերազմը, Թեհրանն, ընդհակառակը, փորձելու է առավելագույնս երկարաձգել այն»:
Իրանի շուրջ իրավիճակի, հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին իսրայելական կողմի վերլուծություններում, անշուշտ, քարոզչությունը տեղ ունի: Կոնկրետ այս դեպքում, սակայն, պետք է նկատի ունենալ, որ անցյալ տարեսկզբին Իրանը և Միացյալ Նահանգները «միջուկային գործարքի» հարցով բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել:
Դրանց ձախողման պատասխանատվությունը զգալի չափով Իսրայելն է կրում: Նաթանյահուն պնդել է, որ միայն ուրանի ռազմական նպատակներով հարստացման ծրագրի դադարեցումը բավարար չէ, Իրանը պետք է կասեցնի նաև բալիստիկ հրթիռների արտադրությունը:
Ներկայումս, երբ իրանա-ամերիկյան լարվածությունը հասել է բարձրակետին, Իսրայելում, կարծես, խիստ զգուշացած են, որ ամերիկյան կարճաժամկետ ռազմագործողությունը ցանկալի արդյունք չի ունենա, փոխարինենը Թեհրանը «կհարվածի Թել-Ավիվի սրտին»:
Երուսաղեմից, երևում է, Վաշինգտոնին առաջարկում են «վա-բանկ չգնալ», այլ «սեղմել օղակը, որպեսզի կրոնապետությունը փլուզվի ներսից»: Այդ տարբերակը, կարծես, ակտուալ չի դիտվում: Տևական ժամանակ է, ինչ թագաժառանգ Ռեզա Փահլավին լուռ է:
Իրանի հանդեպ հռետորականություն է փոխվել անգամ Բաքվում: Իշխանամերձ քարոզչությունը պնդում է, որ «անջատողականությունը երբեք իրանական ադրբեջանցիներին բնորոշ չի եղել, նրանք պետական եւ անվտանգային համակարգում ներգրավվածությունը գերադասում են քաղաքական ինքնուրույնությունից»:
Ադրբեջանում սկսել են ավելի բաց խոսել Իրանի նախագահ Փեզեշքիանի էթնիկ թուրքականության մասին: ԱՄՆ-ը և Իսրայելը կաջակցե՞ն Իրանում պարսկա-թուրքական ինքնության ինստիտուցիոնալացմանը:






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին