11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել

Դատախազությունից տեղեկացրել են, որ տարածված տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ստացվել է և օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել:

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում՝ տեղեկություն ստանալու համար: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել: Թե ով է նկարել գործողությունները, հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների՝ նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով կատարվածին, գրել էր.

«Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։ Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ»: