Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեհին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Այդ մասին, որքան էլ արտառոց չհնչի: Առաջինը հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ըստ այդմ, կողմերի քննարկել են հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման, Արաքս գետի վրա ուղեանց կամրջի կառուցման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ընդգծվել է, որ Ադրբեջանը և Իրանը նախապատրաստվում են մոտ ապագայում գումարել տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի հերթական նիստ:
Իրանական կողմից այդ հանձնաժողովի համանախագահը ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեհն է, բայց, երևում է, նրա Բաքու այցի հիմնական նպատակը շատ ավելի լուրջ է:
Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն մոտ տասը օր առաջ է գտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում և բանակցել Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական տեղեկատվությունն այդ կապակցությամբ հայտնել է, որ կողմերը «դրսևորել են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու պատրաստակամություն»:
Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ և անկանխատեսելի մնալ: Օմանի արտգործնախարար ալ-Բուսայիդին նույն օրը սոցիալական X հարթակում գրառում է կատարել և հրապարակայնացրել, որ իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի փետրվարի 26-ին՝ դարձյալ Ժնևում:
Նա հույս է հայտնել, որ կհաջողվի «հասնել առաջընթացի»: Իսրայելական աղբյուրներն, ընդհակառակը, գտնում են, որ «վերջին հնարավորությունը սպառելուց հետո ԱՄՆ նախագահը կընդունի Իրանին առայժմ սահմանափակ-թիրախային հարված հասցնելու որոշում»:
Այս համատեքստում խիստ աչքի է զարնում, որ նույն օրը Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարն այցելել է Բաքու, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Թեհրան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոնում մասնակցել են Գազայի վերականգնման Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, որի բացման խոսքում Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակին:
Բացառված չէ, որ Վաշինգտոնում Իրանի շուրջ իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ոչ պաշտոնական շփումներից ստացել են տեղեկատվություն, որը պահանջել է Թեհրանի հետ «խորհրդատվություններ անցկացնել»:
Իրանը սահմանակից է թե Հայաստանին, թե Ադրբեջանին, Հարավային Կովկասում ունի շահեր: Ավելի վաղ Երևանը և Թեհրանը «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումներ են ունեցել: Ադրբեջանի պարագայում, որքանով հասկացվում է, Իրանը շահագրգռված է այդ երկրի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հաստատմամբ:
Իրանի վերաբերյալ միջազգային մամուլի գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումների ֆոնին իրանա-ամերիկյան բանակցությունների նոր փուլին ընդառաջ Թեհրան-Բաքու և Երևան-Թեհրան բարձր մակարդակի շփումները, կարծես, վկայում են, որ իրավիճակի հանգուցալուծման ազդակները «հուսադրող» են:
Երևանը և Բաքուն, հավանաբար, երաշխիքներ ունեն, որ Թեհրանի հետ խորհրդատվությունները և, գուցե, առարկայական քննարկումները Վաշինգտոնի կողմից առարկության չեն արժանանալու:
Ի՞նչ կոնտեքստ ունի ԱՄՆ նախագահի այդ դիրքորոշումը, առայժմ դժվար է գնահատել, քանի դեռ պարզ չէ՝ Թեհրան – Բաքու և Երևան – Թեհրան շփումները «փոխլրացնո՞ղ են, թե՞ հակակշռող»:

Բաց մի թողեք
Անկարան Վաշինգտոնի հետ խորհրդատվություններ անցկացրե՞լ է
Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը
Թրամփը Պուտինի հետ «գլոբալ հավասարակշռություն հաստատելու գործարքի» կգնա՞