Երեկոյան օդում մի յուրահատուկ լարում կար, որ առաջանում է ոչ թե սպասումից, այլ բացահայտումից առաջ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջնորդությամբ ներկայացրեց Ժամանակակից երաժշտության փառատոնի երկրորդ համերգը՝ դարձնելով այն ոչ միայն ծրագրային շարունակություն, այլև ինքնուրույն գեղարվեստական հայտարարություն։
Երեկոն մեկնարկեց Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքով։ Անվանումը, կարծես, հնչում է որպես պարզ ողջույն, բայց երաժշտությունը բացվում էր ավելի խոր շերտերով՝ լույսի ու ստվերի փոխխաղերով, փափուկ լարայինների շնչով և հանկարծակի փայլատակող փողայիններով։ Այդ «բարի լույսը» ոչ այնքան առավոտյան էր, որքան ներքին՝ հոգևոր արթնացման։
Սերգեյ Սմբատյանի դիրիժորական ժեստը ճշգրիտ էր ու զուսպ, բայց ներսից լցված կրքով։ Նա կարծես ոչ թե ղեկավարում էր, այլ շնչում նվագախմբի հետ։ Այն առավել դիտարժան էր, երբ շատ մոտ էի նստած բեմին ու իրեն։ Ժամանակակից երաժշտության բարդ հյուսվածքները նրա մեկնաբանությամբ դառնում էին հասկանալի, կենդանի, զգայական։
Երեկոյի հաջորդ կանգառը ներշնչված էր գրականությունից՝ թռիչքի և ազատության փիլիսոփայությունից։ Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը ծնվել է Ջոնաթան Լևինգսթոն ճայը գրական ստեղծագործությունը կարդալուց հետո, և այդ գրքի ներսի ազատության ձայնը կարծես ամբողջությամբ տեղափոխվել էր նվագախմբային հյուսվածքի մեջ։
Երաժշտությունը չէր պատմում պարզապես ճայի մասին․ այն պատմում էր հաղթահարման, միայնության և վեր բարձրանալու համարձակության մասին։ Լարայինների երկարաշունչ, ձգված ֆրազները հիշեցնում էին օդի հոսանքները, իսկ փողայինների պայթյունները՝ առաջին անվախ սավառնումները։ Որոշ հատվածներում հնչող նուրբ, գրեթե խոցելի թեման վերածվում էր ուժեղ ու լուսավոր կուլմինացիայի՝ ասես Ջոնաթանի ներքին հաղթանակի։
Սերգեյ Սմբատյանի դիրիժորական մեկնաբանության մեջ զգացվում էր թռիչքի գաղափարը՝ երաժշտությունը չէր ծանրանում, չէր խրվում երկրային հողի մեջ․ այն մշտապես ձգտում էր վեր։ Եվ հենց այդ ձգտումն էր, որ պոեմը դարձրեց ոչ միայն գրական ներշնչանքի արձագանք, այլ՝ սեփական, ինքնուրույն փիլիսոփայական խոսք։
Երեկոյի երրորդ գեղարվեստական շերտը բացվեց խիստ նուրբ ու ներհայեցող տրամադրությամբ․ հնչեց կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ լարային նվագախմբի համար։
Այստեղ արդեն թռիչքը այլ բնույթ ուներ։ Եթե նախորդ պոեմում թռչելու համարձակությունն էր, ապա «Կորուսյալ օդապարիկ»-ում՝ կորուստի, հեռացման, մանկության խամրող լույսի զգացողությունը։ Լարայինների միասնական շնչառությունը ստեղծում էր մեղմ, բայց խորապես հուզական տարածք։ Թեման կարծես անընդհատ փորձում էր վեր բարձրանալ, բայց ինչ-որ պահի թուլանում էր՝ ինչպես քամուց կտրված օդապարիկ, որ այլևս չի գտնում իր թելը։
Ստեղծագործության հյուսվածքը մինիմալիստական էր, զուսպ, սակայն ներսում՝ լարված։ Դինամիկական ալիքները՝ թեթև բարձրացումից դեպի խտացող կուլմինացիա և կրկին մարող հանգիստ, փոխանցում էին ժամանակի անցողիկությունը։ Այդ «կորուստը» ողբերգական չէր․ ավելի շատ լուռ հաշտություն էր, հիշողության մեղմ ցավ։
Նվագախմբի լարային կազմը հնչեց համաչափ, ջերմ ու միասնական՝ ստեղծելով այն զգացողությունը, որ երբեմն երաժշտությունը ոչ թե պատմում է, այլ պարզապես հիշեցնում՝ ինչ-որ բան, որ մենք արդեն ապրել ենք, բայց անուն չենք տվել։

Եվ ահա երեկոյի գագաթնակետը՝ իսկական զարդը։ Իտալիայից ժամանած անվանի թավջութակահարը՝ Մարիո Բրունելլոն, հյուր մենակատարը, իր էմոցիոնալ, արտիստիկ ու ճկուն նվագաոճով դահլիճը պահեց լարված ուշադրության մեջ՝ առաջին իսկ մուտքից։ Նրա հնչյունը միաժամանակ խորն էր ու թափանցիկ, ցավոտ ու լուսավոր։
Հնչեց Մեչիսլավ Վայնբերգի «Թավջութակի կոնցերտ դո մինոր, երկ. 43» ստեղծագործությունը՝ հայաստանյան պրեմիերա։ Սա այն երաժշտությունն է, որտեղ ողբերգությունն ու ներքին պայքարը միահյուսվում են մտքի սառնությանը։ Վայնբերգի աշխարհը հեշտ չէ․ այն պահանջում է համարձակ կատարում և խոր ապրում։
Մենակատարը կարողացավ հավասարակշռել կոնցերտի դրամատիզմն ու ինտելեկտուալ հյուսվածքը։ Առաջին մասում՝ մռայլ, ներհայեցող մենախոսություն, որը կարծես ծնվում էր լարվածությունից։ Երկրորդում՝ սարկազմի ու անհանգստության երանգներ, սուր ռիթմիկ շարժումներ։ Իսկ եզրափակիչ հատվածում թավջութակը վերածվեց մարդկային ձայնի՝ խորը, կորստի և դիմադրության մասին պատմողի, իսկ արտիստիզմը առավել քան ցայտուն էր ավարտին երկար լռություն պահպանելով ու աղեղը օդում պահելու ինքնատիպ ոճով։

Նվագախմբի և մենակատարի երկխոսությունը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կառուցված էր զգայուն հավասարակշռությամբ․ ոչ մի պահ թավջութակը չկորչեց նվագախմբային հզորության մեջ, և ոչ մի պահ նվագախումբը չդարձավ պարզապես ֆոն։
Հայաստանյան պրեմիերան դարձավ ոչ միայն ծրագրային իրադարձություն, այլև հուզական փորձառություն․ ժամանակակից երաժշտության փառատոնի այս երկրորդ համերգը փակվեց ուժեղ, մտահոգիչ ու հիշվող ակորդով։
Այս երկրորդ համերգը վերահաստատեց փառատոնի գաղափարը՝ ժամանակակիցը ոչ թե «դժվար» է, այլ անկեղծ, եթե ունկնդիրը պատրաստ է լսել։ Իսկ երեկ դահլիճում լսելու պատրաստություն կար։ Լռությունը՝ գործերից հետո, խոսում էր նույնքան, որքան հնչյունները։

Բաց մի թողեք
Արա Վահունին ոչ միայն ֆիլմեր է թողել, այլ նաև մի ամբողջ քաղաքային զգացողություն․ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը․ Լուսանկարներ
Այսօր, Կազիմիր Մալևիչի ծննդյան օրը, թվում է՝ սևը կրկին լույս է արձակում․ Լուսանկարներ
Ժամանակակից երաժշտության փառատոն՝ բազմաձայնությունն է մեր ժամանակի ամենաազնիվ արտահայտությունը