03/03/2026

EU – Armenia

Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը

Իհարկե, բացարձակ ճշմարտություններ բնության մեջ չկան, եւ ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում: Բայց կան տարրական սկզբունքներ ու արժեքներ, որոնք միշտ` բոլոր ժամանակներում եւ ցանկացած պարագայում, ճշմարիտ են:

Հրապարակ թերթը գրել է․ Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին, փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանն է սկսել, ռուսական զորքն է ներխուժել ուկրաինական տարածք:

Եվ, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին ու Իսրայելին, փաստ է, որ նրանք, իրավունք չունենալով, միջամտել են Վենեսուելայի եւ Իրանի ներքին կյանքին: Մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ, որ կարող են ոչնչացնել ու կալանավորել այդ ժողովուրդների ընտրած իշխանություններին:

Պարզ է, որ այդ գործողությունները ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ բացատրում են: Մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալը, իրադարձությունները ցանկացած տեսանկյունից ներկայացնելը բարդ բան չեն: Եթե Նիկոլ Փաշինյանն է դա բաշարում, նման հզոր պետություններ կբաշարեն ու կբաշարեն:

Առհասարակ, մարդկային խելքը ոչ այնքան բարի գործեր անելուն է ծառայում, որքան չար գործերն արդարացնելուն: Չէ՞ որ անգամ սերիական մարդասպաններն իրենց գործողություններն արդարացնելու միջոցներ գտնում են, այլ բան է, որ այդ արդարացումները ողջամիտ մարդկանց վրա ազդեցություն չեն գործում:

Ասենք, ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը, եւ ի՞նչը կարող է արդարացնել 150-ի չափ երեխաների զոհվելը: Ինչպես ոչ մի արդարացում չունի ուկրաինական Բուչա քաղաքի զոհերի փաստը: Եվ այս ամենի դատապարտումը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական կողմնորոշման, քաղաքական համակրանքների հետ:

Սա պարզ մարդկային կարեկցանքի եւ պատերազմը, որպես այդպիսին, մերժելու դիրքորոշում է: