Արցախից բռնատեղահանված մի խումբ ակտիվիստներ նամակով դիմել են «ԱԺ նախագահ, նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանին», որպեսզի իրենց կողմից կազմակերպվող հավաքը կայանա Արցախի ներկայացուցչության շենքում՝ հարցուպատասխանի ձևաչափով:
Նրանք պահանջել են, որ ապահովվի քսաներկու պատգամավորի ներկայությունը, ովքեր «առանց ժողովրդի կամքը հարցնելու նախագահ են ընտրել Սամվել Շահրամանյանին»: Հավաքի նախաձեռնողները գտնում են, որ Շահրամանյանը նույնպես պետք է ներկա լինի:
Բռնատեղահանված ակտիվիստներին հուզում է մի քանի հարց. «Ինչո՞ւ կորցրինք Արցախը, որտե՞ղ և ի՞նչ նպատակներով են իրացվել հիմնադրամների գումարները, և ովքե՞ր են օգտվել նախարարությունների ներքո գործող պետական աջակցության ծրագրերից»:
Այս նախաձեռնությունը ոչ միայն հրատապ է, այլև՝ շատ որոշակի առումով ուշացած: Եվ բոլորը, կարծես, պետք է շահագրգռված լինեն, որպեսզի Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը և մյուս նախկին պաշտոնյաները տան հարյուր քսան հազար մարդու հուզող հարցերի պատասխանը:
Մինչդեռ տեղեկությունը փոխանցող լրատվամիջոցը հարկ է համարել հիշեցնել, որ «արցախցիները մեծավ մասամբ (բնագրում գրաբարյան այս ոճն է գործածված)դեմ են այս մի քանի տասնյակ արցախցիներին, քանի որ հենց այս մի քանի տասնյակ արցախցիներն են ողջունել 2018 թվականի հեղափոխությունը և առ այս պահ աջակցում ու սատար են կանգնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությանը»:
Նախ, պնդել, թե մի քանի տասնյակ արցախցիներ են միայն ողջունել 2018թ. հեղափոխությունը, իրականության կեղծում է: Բավական է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրը ժամանել է Ստեփանակերտ և արժանացել ամենաբարձր մակարդակով փայլուն ընդունելության, իսկ մայիսի վերջին-հունիսի առաջին օրերին մի քանի հազար ցուցարարներ փակել են Ազատամարտիկների պողոտան և Արցախում իշխանափոխության պահանջ ներկայացրել:
Ստեփանակերտում գործող իշխանությունը տեղում է մնացել միայն շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»: Ցանկության դեպքում կարելի է այսօր ընդդիմադիր ներկայացող պաշտոնյայի հիշել, ով Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական է աշխատել, թեև բնակվում էր Ստեփանակերտում:
Բայց ուշադրություն է հայցում «Ժողովուրդ» օրաթերթի ընկալումը: Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններին «աջակցող և սատար կանգնող» բռնատեղահանված արցախցին իրեն հուզող հարցերը բարձրացնելու և Արցախի նախկին իշխանություններից պատասխան լսելու իրավունք չունի՞:
Մոտ մեկ ամիս առաջ Արցախի «պետական նախարար» Նժդեհ Իսկանդարյանը հրապարակային դժգոհել է, որ մեկուկես տարի է՝ իրեն չի հաջողվում հանդիպել «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Բեգլարյանի հետ: Իսկանդարյանը բացահայտել է, որ բանկի բաժնետոմսերի 43 տոկոսը՝ 20 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, պատկանում է Արցախի ներդրումային հիմնադրամին:
Արցախից բռնատեղահանված ակտիվիստներն իրավունք ունե՞ն Սամվել Շահրամանյանին կամ Աշոտ Դանիելյանին հարցնել, թե ինչո՞ւ «Արցախբանկի» դեմ դատական հայց չեն հարուցում, չեն պահանջում, որ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող բաժնեմասը տնօրինվի հօգուտ բռնատեղահանված ամենախոցելի ընտանիքների կարիքների բավարարման:
Ի վերջո, շատ կայուն տպավորություն է, որ Արցախի նախկին իշխանությունները և նրանց շահերն սպասարկող թե արցախյան, թե հայաստանյան քաղաքական ուժերը և մամուլը հետեւողականորեն խուսափում են կոնկրետ հարցերի քննարկումից: Թե ով ումից ինչ է թաքցնում, սա, երևի, Հայաստանի պատկան մարմինների իմանալիքը և բացահայտելիքն է:

Բաց մի թողեք
Queen-ի Գարնան քամին և իշխանության փոփոխությունը Հունգարիայում․ Տեսանյութ
Դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին․ Աշոտ «Երկաթ»
Էրդողանը կժամանի՞ արդյոք Երևան