13/05/2026

EU – Armenia

Համո Սահյանի հանճարը պարզ հարցերի մեջ է․ նա չի բացատրում, չի փիլիսոփայում ծանր բառերով ․․․

Այսօր ծննդյան օրն է Համո Սահյանի՝ այն պոետի, ով բնությանը ոչ թե նայում էր, այլ լսում էր, ապրում էր նրա ներսում՝ ինչպես ծառը՝ իր հողի մեջ։

Սահյանի բնությունը լռություն չէ․ այն շնչում է, հառաչում, համբերում։ Նրա լեռները պարզապես քարեր չեն, այլ մարդկանց նման հին ու իմաստուն արարածներ, նրա քամիները՝ խոսող հիշողություններ, իսկ անձրևը՝ մաքրվող հոգու մեղմ խոստովանություն։ Նա գիտեր, որ բնությունը չի շտապում, բայց երբեք չի ուշանում, և մարդը միայն այն ժամանակ է գտնում իրեն, երբ սովորում է համբերել նրա հետ։

«Համբերություն եմ ասում…»,- սա ոչ թե հորդոր է, այլ ապրելակերպ։ Համբերել՝ ինչպես գարունը՝ ձմռան մեջ, ինչպես ծաղիկը՝ հողի տակ, ինչպես մարդը՝ իր սեփական լռության մեջ։ Սահյանի պոեզիայում այդ համբերությունը դառնում է գեղեցկություն, իսկ գեղեցկությունը՝ ճշմարտություն։

Այսօր, գուցե, պետք է պարզապես մի պահ կանգնել, նայել սարերին, լսել ծառերի շարժը և զգալ, որ մենք էլ այդ նույն մեծ շնչառության մասն ենք։ Եվ եթե երբևէ մեզ «բացակա» դնեն կյանքի որևէ հանդեսում, ապա միայն այն պատճառով, որ չենք հասցրել սիրել այնքան խոր, որքան Սահյանն էր սիրում աշխարհը։

Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ
Ու ես անտեր մնամ,
Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ ․․․

Այս տողերը՝ կրկին Համո Սահյանի, սիրո ամենախոր հակասություններից մեկի մասին են՝ այն սիրո, որ տալիս է ամբողջը և մնում դատարկ, բայց միևնույնն է՝ չի դադարում լինել սեր։

Սահյանի մոտ սերը երբեք «հավասար փոխանակում» չէ։ Այն միակողմանի նվիրում է՝ մինչև ինքնամոռացություն։ «Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ / Ու ես անտեր մնամ…»— այս հակադրության մեջ կա ոչ թե բողոք, այլ ցավի գիտակցում։ Սիրել՝ նշանակում է երբեմն հրաժարվել սեփական արևից, սեփական տեղից, սեփական լույսից։

Բայց հենց այստեղ է նրա պոեզիայի ողբերգական գեղեցկությունը․ նա չի մեղադրում, չի պահանջում վերադարձ, չի կշռում տվածն ու ստացածը։ Նա պարզապես արձանագրում է՝ ինչքան կարող է մարդը տալ, և որքան կարող է մնալ առանց իրեն՝ սիրելով։

Այդ «անարև մնալը» Սահյանի համար ոչ միայն կորուստ է, այլ նաև վկայություն, որ սերը եղել է իրական, ամբողջական, մինչև վերջ ապրած։

Ի՞նչ են անում իմ քարափներն առանց ինձ,
Քարափներին նստած ամպերն առանց ինձ…
Ո՞վ իմանա՝ դեռ ինչքան են մնալու
Այն աշխարհում իմ սուրբ պապերն առանց ինձ:

Այս տողերում Համո Սահյանը կարծես խոսում է բացակայության մասին, բայց իրականում՝ ներկայության ամենախոր ձևի։

«Ի՞նչ են անում իմ քարափներն առանց ինձ…»— սա ոչ թե պարզապես կարոտ է հայրենի բնության հանդեպ, այլ մի ներքին կոտրվածք․ երբ մարդը հասկանում է, որ աշխարհը շարունակվում է նաև իր բացակայությամբ։ Քարափները կանգուն են, ամպերը գալիս-գնում են, կյանքը հոսում է իր հունով, եթե ինքը չկա այդ պատկերում։

Բայց ամենածանր հարցը վերջինն է․ «Ո՞վ իմանա՝ դեռ ինչքան են մնալու / Այն աշխարհում իմ սուրբ պապերն առանց ինձ…»։ Այստեղ Սահյանը դուրս է գալիս բնության շրջանակից ու մտնում ժամանակի, հիշողության, մահվան սահմանը։ «Սուրբ պապերը» միայն նախնիներ չեն․ նրանք արմատներն են, ինքնության պահապանները, մի ամբողջ կորուսյալ աշխարհ, որից մարդը կտրված է թե՛ ժամանակով, թե՛ ճակատագրով։

Այս տողերում կա երկակի ցավ․ մեկը՝ երկրից, լեռներից, մանկությունից հեռանալու, մյուսը՝ այն զգացողությունը, որ անգամ հավերժության մեջ կա «ուշանալ»։ Սահյանի հանճարը հենց այս պարզ հարցերի մեջ է․ նա չի բացատրում, չի փիլիսոփայում ծանր բառերով, պարզապես հարցնում է։

Եվ այդ հարցերը մնում են կախված՝ ինչպես ամպերը քարափների վրա… առանց պատասխանների ․․․

Սիմոն Սարգսյան