«Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակի անվան տակ փոխում է խաղի կանոնները»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։
Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Կա մտավախություն, որ այս փոփոխությունն ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Պատամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասաց․ «Ընտրություններից երկու ամիս առաջ նման փոփոխությունն անելն անընդունելի է։ Իմ խորին համոզմամբ, եթե «Մեր ձեւով» շարժումը հունիսի 7-ին հասնի ֆինիշին, ապա ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով հաղթանակ են տոնում։ Հետեւաբար, կա այնպիսի անհանգստություն, որ «Մեր ձեւով» շարժումը չի հասնելու ֆինիշին, այլ մայիսի կեսերին կամ վերջերին ինչ-ինչ հիմնավորումներով չեղյալ կհամարվի իր գրանցումը։ Այս հանգամանքի դեմն առնելու համար հենց «Մեր ձեւով» շարժումը պետք է նախաձեռնի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ միասին ընտրություններին միասնական ներկայանալու գործընթաց՝ ճակատի ֆորմատով, ինչը մենք առաջարկել ենք»։
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում ասաց․ «Ի՞նչ ենք անում մենք այսօր՝ մենք, օրինակ, արգելում ենք «Հայաստան դաշինք՝ Սաքուլիկի հետ» անվանումն օգտագործել կամ «Գոհարենց չամիչով բուլկի»։ Արդյոք այստեղ հետընթաց կա՞։ Մենք ասում ենք, որ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն անձերի մասին չեն, այլ ծրագրերի մասին է, թիմերի մասին է»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ ամեն անգամ, երբ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ բովանդակային քննարկման, դիմում է ցինիզմին, փողոցախոսությանն ու խուժանախոսությանը։ «Փորձում եք թաքնվել տեխնիկական վրիպակներն ուղղելու քողի տակ, բայց իրականությունն այն է, որ մեծ փոփոխություն է, բացարձակապես քաղաքական է եւ բովանդակային։ Գործընթացն ինքնին հակաօրինական է եւ նաեւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
ՔՊ-ական Արփի Դավոյանն իր ելույթում ասաց․ «Այո, մենք թույլ չենք տալու եւ 2022 թվականին էլ ենք խոսել դրա մասին, որ ոմն անուն-ազգանունավորներ գան եւ փորձեն ինչ-որ դիվիդենտներ հավաքել ընդամենն իրենց անվան հետ կապված՝ չունենալով քաղաքական որեւէ հետագիծ ու սկզբունք։ Այո, այս օրենքը շատ կարեւոր է ժողովրդավարության հաստատման համար»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Անձնավորման մասին եք խոսում, այսքան կարճ չպետք է լինի մարդու հիշողությունը։ Նիկոլ Փաշինյանի անունո՞վ չեք դուք ընտրություններին մասնակցել։ Պարոն Ալեքսանյան, ձեր խոսքն անգամ դասական միտք է դարձել՝ ուսապարկիզմի մասին, դուք էս ի՞նչ եք խոսում»։
Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց․ «Ժողովրդավարությունը տեր ունի այս երկրում, դուք ձեր ծոծորակը կտեսնեք, բայց չեք տեսնի, որ նորից կվերազավթեք ժողովրդի իշխանությունը»։
«Մարտի 31-ին կնքեցինք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումով։ Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվանման մեջ»,-ՀՀ խորհրդարանի դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից շրջանառվող օրինագծին, որով արգելվում է դաշինքների վրա անձնանունների կիրառումը։ Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։ Գոհար Մելոյանը նշեց՝ նախագիծը մեկ օր առաջ են տեղադրել կայքէջում, մինչդեռ այդ փոփոխությունների համար պետք է հրավիրեին հանրային լսումներ։ Գոհար Մելոյանի կարծիքով՝ սա բացահայտ ուղղված է իրենց քաղաքական ուժին․ «Պետք է նախապես կազմակերպեին հանրային լսումներ, որը մեր նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը, ՀՀ-ի միջազգային պարտավորություններն են նախատեսում։ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ընտրություններից առաջ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսին թույլատրելի չէ, թույլատրելի չէ խաղի կանոն փոխելը։ Այս իշխանությունը կռիվ է տվել Սամվել Կարապետյանի նկարների հետ, տասը ամիս ապօրինի անազատության պայմաններում է պահում նրան, գրեթե չկա երկրորդ օրինակ, մարդը քաղբանտարկյալի կարգավիճակ ունենալով՝ նման վարկանիշային աճ է արձանագում։ Հիմա էլ անվան հետ են կռիվ տալիս»։
Գոհար Մելոյանը մտահոգություն հայտնեց՝ մեր երկրի ժողովրդավարությունը վտանգված է։ Հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի լավագույն վարքականոնակարգին, ներպետական սահմանադրական կարգավորումներին և ՀՀ ԸՕ սկզբունքներին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է։ Պետք է ընտրական գործընթացներում երաշխավորվեն դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը»։ Գոհար Մելոյանը հայտնեց, որ երեկ ԿԸՀ մուտք է արել՝ որպես լիազոր անձ, որ էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանան գործողություններ կատարել, օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից․ «Նաև իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել ԿԸՀ-ի հետ։ Ուստի հանգում ենք մի պարզ ճշմարտության, որ այսօրվա իշխանությունն իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի խնդիրներ ունի, որ սենց կտրուկ միջոցների են դիմում։ Իրենք չեն վարանում մեկ թեկնածուի հետ կապված սահմանադրական օրենքի փոփոխություն կատարել, այն էլ անհապաղ եղանակով»։ Ըստ նրա՝ սրանից ավելի բացահայտ միջամտություն օրինական ընտրական գործընթացներին չի լինում։

Բաց մի թողեք
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 համարը
Դիմել եմ ԿԿՀ-ին՝ պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյան
38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր. Լուսանկար