ԵԱՏՄ -ում Հայաստանի մնալ-չմնալու հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այսպես է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այսինքն, տասը տարի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած և իշխանության վերադառնալու հայտ ներկայացրած Քոչարյանը պատկերացնում է իրավիճակ, երբ Պուտինը կարող է մամուլի քարտուղար Պեսկովի միջոցով տեղեկություն տարածել, որ «Հայաստանը այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, թող գլխի ճարը տեսնի»։
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի իմաստով Միության անդամ ցանկացած պետություն ինքն է ազատորեն որոշում անդամակցության դադարեցման հարցը և այդ մասին դիվանագիտական խողովակներով, ընդ որում՝ «գրավոր ձևով» տեղեկացնում կառույցի ղեկավար մարմիններին։ Վլադիմիր Պուտինի ձևակերպած «ինտելեգենտական ապահարզանի» համար պայմանագիրը նախատեսում է տասներկուամսյա ժամանակահատված։
Այդ ընթացքում Միությունից դուրս եկող երկիրը պարտավոր է կարգավորել ֆինանսական պարտավորությունների հարցը, իսկ վեճերի դեպքում խնդիրները լուծվում են Միության դատարանի կողմից։
Միայն այդ և իրավական բնույթի այլ գործընթացներից հետո համարվում է, որ այդ երկիրը դուրս է եկել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրից եւ այդ պահից էլ համարվում է, որ նաև այլևս ԵԱՏՄ անդամ չէ։
Այդ պայմանագրի և սահմանված կարգավորումների եւ ընթացակարգերի մասին, անշուշտ, Ռուսաստանի նախագահը քաջատեղյակ է։ Եվ «ապահարզանի» մասին նրա հայտարարությունը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մոտիվացիա ունի։
Նա, ինչպես հասկացվում է, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը «կառավարելու» խնդիր ունի, տեղյակ է ընդդիմության էլեկտորալ հնարավորություններին և փորձում է ուղղակի ազդել ընտրական գործընթացների վրա։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը գերազանց գիտի, որ Պուտինը չի կարող հայտարարել, որ «Հայաստանը այլևս ԵԱՏՄ անդամ չէ, ուստի նրա նկատմամբ կիրառվոում են մաքսային, սակագնային, միգրացիոն և այլ բնույթի պատժամիջոցներ»։
Բայց քանի որ Պուտինը «ապահարզանի» հարցը քաղաքականացրել է, որպես ընդդիմության վարչապետի ամենահավանական թեկնածու, նա «էստաֆետը ընդունել» է և Ռուսաստանի նախագահի անունից Հայաստանի քաղաքացուն սպառնում է «ի՞նչ ենք անելու» սակրալ հարցադրմամբ։
Իրականում խնդիրը ԵԱՏՄ-ն, նույնիսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն․ Մոսկվայի կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում առկա բոլոր խնդիրները կարգավորելի են։ Գործ ունենք պատմական մի շրջափուլի հետ, երբ Ռուսաստանը նախ պետք է ճանաչի և հարգի ինքնուրույն որոշումներ ընդունելու Հայաստանի սուվերեն իրավունքը։
Մեկնարկային կետը դա է։ Եվ այս վճռորոշ պահին ընդդիմության չի պատշաճում լինել Պուտինի սպառնալիքների ներհայաստանյան տրանսլյատորը։ Դա արդեն քաղաքական մրցակցության տրամաբանությունից դուրս է, որովհետև «էստաֆետը վերցնել»՝ նշանակում է պարտավորվել, որ իշխանության գալու դեպքում այն զիջվելու է «ԵԱՏՄ-ին»։

Բաց մի թողեք
Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Քըլըչը գրառում է արել Թուրքիա – Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին
Ծագման երկիրը՝ «Հայաստան»․ տրվել է Հայաստան – Թուրքիա ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը․ Էկոնոմիկայի նախարարություն