15/05/2026

EU – Armenia

Թրամփի շնորհիվ ռուս – չինական ռազմական դաշինքը չի կայանա

Իշխանամետ Turkiye պարբերականը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցի, իր ձևակերպմամբ, «գլխավոր արդյունքին»՝ Սի Ծինփինը խոստացել է «այլևս Իրանին սպառազինություններ չտրամադրել»։

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը իր հերթին մեջբերել է Չինաստանի առաջնորդի այս ձևակերպումը․ «Թայվանի անկախության ճանաչումը և տարածաշրջանի խաղաղությունը անհամատեղելի» են։

Կարելի՞ է ենթադրել, որ կողմերը համաձայնության են եկել, որ Չինաստանը Իրանին ռազմական օգնություն չի ցուցաբերի, իսկ ԱՄՆ-ը չի ճանաչի Թայվանի անկախությունը։ Ըստ երևույթին, ՏԱՍՍ-ի մեջբերումը ակնարկ է, որ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններում «սկզբունքային նահանջ է ունեցել»։

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարևոր հայտարարություն է արել, ըստ որի՝ «այսօր Ուկրաինան «ունի Եվրոպայի ամենաուժեղ բանակը»։ Ռուբիոն, թերևս առաջին անգամ, չափազանց կարևոր տեղեկություն է հրապարակայնացրել։

Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանը ամսվա ընթացքում քսան-քսանհինգ հազար «միայն սպանված է ունենում», իսկ ուկրաինական կողմը «չորս անգամ պակաս կորուստ է տալիս»։

Ավելի վաղ ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի նման վիճակագրություն ներկայացրել են եվրոպական լրատվամիջոցները՝ հիմք ընդունելով լրագրողական հետաքննության տվյալները։ ԱՄՆ պետքարտուղարը, որ նաև նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն է, անկասկած հիմնվել է հետախուզական ծառայությունների զեկույցների վրա։

ԱՄՆ պետքարտուղարի բացահայտումները, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուկրաինական կարգավորման բանակցություններում Ռուսաստանի հիմնական հաղթաթուղթն այն է, որ կարգավորմն սկզբունքները «պետք է արտացոլեն գետնի վրա իրավիճակը»։

Հրապարակայնացնելով պատերազմում Ռուսաստանի «սարսափելի կորուստները», Մարկո Ռուբիոն, կարծես, հակադարձում է Մոսկվային և հասկացնում, որ ռազմական գործողությունների դադարեցումը բխում է նաև Ռուսաստանի շահերից։

Կարեւոր է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ռուս-ուկրաինական պատերազմի «դեմքը բացահայտել» է Թրամփ-Սի Ծինփին բանակցություններից հետո։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները, համենայն դեպս, անդրադարձել են նաև ուկրաինական կարգավորմանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Ծրագրված է ՌԴ նախագահ Պուտինի Պեկին այցը։ Ըստ երևույթին, ռուս – չինական ռազմական դաշինքը չի կայանա։