Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լրջորեն մտածում է հրաժարական տալու մասին, սակայն նա ցանկանում է հեռանալ իր սեփական պայմաններով։
Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին լուրերը միջազգային ու բրիտանական առաջադեմ լրատվամիջոցներում տարածվում են արդեն օրեր շարունակ: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Սթարմերը իսկապես մտադիր է հրաժարական տալ, բայց դա կանի ոչ թե ստիպված, այլ իր պայմաններով, հաղորդում է Daily Mail-ը։
Սրան զուգահեռ, բրիտանական քաղաքական կուլիսներում մեղադրանքներ են հնչում դավաճանության, գաղտնի բանակցությունների, Դաունինգ սթրիթում խուճապի և անսպասելիորեն վերահսկողությունից դուրս եկած իրավահաջորդության համար պայքարի մասին։
Ինչ է ծրագրել Սթարմերը՝ արժանապատիվ հեռանալու համար
Լրատվամիջոցի անանուն աղբյուրի համաձայն՝ Քիր Սթարմերն արդեն տեղեկացրել է իր ընկերներին և ընտանիքին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին և նույնիսկ ուրվագծել է իր հեռանալու կարգավորված ժամանակացույցը։
Նախարարներից մեկը նշել է, որ Սթարմերը հասկանում է քաղաքական իրականությունը և ընդունում աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու բարդությունը:
«Նա հասկանում է, որ ներկայիս քաոսը անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է հեռանալ արժանապատվորեն և իր ձևով»։
Հրատարակությունը շեշտում է, որ գործող վարչապետը տեղյակ է երկրի քաղաքական իրավիճակին։ Այնուամենայնիվ, նա ցանկանում է արժանապատվորեն հեռանալ պաշտոնից։
Փետրվարի 11-ին հրապարակվել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 52%-ը, կարծում է, որ գործող վարչապետը պետք է լքի իր պաշտոնը։ Հարցվածների ևս 19%-ը կարծում էր, որ Սթարմերը պետք է մնա պաշտոնում, բայց նրա խորհրդականները պետք է հրաժարական տան։
Մայիսի սկզբին վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ վաղաժամկետ լքել իր պաշտոնը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կաբինետը իսկապես մի շարք սխալներ է թույլ տվել։ Չնայած դրան՝ Սթարմերը մտադիր է ղեկավարել Լեյբորիստական կուսակցությունը մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները։
Սթարմերին մոտ կանգնած երկրորդ աղբյուրի համաձայն՝ դեռևս պարզ չէ, թե երբ է վարչապետը հայտարարելու իր հրաժարականի մասին։ Սթարմերի որոշ ավագ դաշնակիցներ կոչ են անում նրան ձեռնպահ մնալ որևէ հայտարարություն անելուց մինչև առաջին հարցումների արդյունքների հրապարակումը և Մեյքերֆիլդի լրացուցիչ ընտրությունների ձայների հաշվարկը։
Սթարմերի մտերիմներից մեկը նշել է, որ նա չի սպասի ընտրությունների արդյունքներին, քանի որ դա մեծ անձնական նվաստացում կլինի։
Քիր Սթարմերի հրաժարականի մասին հայտարարությունը կարող է խաթարել Մանչեստրի քաղաքապետի՝ Վեսթմինսթեր վերադառնալու փորձը։ Բըրնհեմի ճամբարը ցանկանում է, որ Սթարմերը մինչև հունիսի 18-ը որևէ հայտարարություն չանի և մնա քվեաթերթիկում։
Միաժամանակ, վարչապետի կողմնակիցները պնդում են, որ Սթարմերը մտադիր չէ սպասել միջանկյալ ընտրությունների արդյունքներին և չի ցանկանում հետաձգել որոշումը։
Ինչու է նման կերպ դասավորվել իրավիճակը
Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուրջ հարված են հասցրել իշխող Լեյբորիստական կուսակցությանը: Սթարմերը բախվել է ներքին կուսակցական ճգնաժամի՝ տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած մի շարք ծանր պարտություններից հետո։ Լեյբորիստական կուսակցության ավելի քան 80 պատգամավոր հրապարակավ պահանջել է նրա հրաժարականը կամ կոչ արել ժամանակացույց սահմանել նրա հեռանալու համար։
Կուսակցության ներսում ճգնաժամը սրվել է Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում տեղի ունեցած աղետալի ընտրություններից հետո։ Լեյբորիստական կուսակցությունը կորցրել է ավելի քան 1400 տեղ Անգլիայի տեղական խորհուրդներում: Նայջել Ֆարաջի գլխավորած աջակողմյան պոպուլիստական «Ռեֆորմ UK» կուսակցությունը գրանցել է ամենամեծ հաջողությունները՝ նվաճելով ավելի քան 300 տեղ։
Նախկինում հաղորդվել էր, որ Սթեյմերը բախվել է ներքին կուսակցական ճգնաժամի՝ տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած մի շարք ծանր պարտություններից հետո։
Ինչպես նշել է AP գործակալությունը, Սթարմերի վարկանիշը զգալիորեն նվազել է 2024 թվականի հուլիսին նրա իշխանության գալուց ի վեր թույլ տրված մի շարք քաղաքական սխալ քայլերից հետո: Կառավարությունը դժվարությունների է բախվում հիմնական խոստումները կատարելու հարցում՝ տնտեսական աճի ապահովում, հանրային ծառայությունների բարեփոխում և կենսապահովման ճգնաժամի լուծում:
Իրավիճակն էլ ավելի է բարդացել Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման խափանումների պատճառով:
Տատանվող աթոռն ու հրաժարականների շարքը
Անցած շաբաթվա ընթացքում Սթարմերի և նրա հիմնական դաշնակիցների շուրջ իրավիճակը քանիցս տատանվել է։
Երկուշաբթի՝ մայիսի 11-ին հրաժարականների ալիքը ցնցել է կառավարությունը: Իրար հետևից հրաժարականներ են ներկայացրել մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
The Times-ի համար բացառիկ հոդվածում Սթարմերի դաշնակիցներից մեկը խոսել է Լեյբորիստական կուսակցության կողմից վարչապետին հասցեագրված փաստացի բոյկոտի մասին ու հայտարարել, որ դժվար է հավատալ, թե վարչապետը ի վիճակի է կարգավորել կառավարության ներսում մոլեգնող ճգնաժամը:
Սթարմերին արդեն փոխարինո՞ղ կա
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը մայիսի 16-ին հայտարարել է, որ կառաջադրվի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում, եթե կուսակցության ներսում պայքարի մասին հայտարարվի։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ Սթրիթինգի հայտարարությունը հնչել է կառավարությունում նրա հրաժարականից ընդամենը մի քանի օր անց, երբ ներկայիս վարչապետ Քիր Սթարմերին նա հրապարակավ կոչ էր արել սահմանել իր հեռանալու հստակ ժամանակացույց։
«Մեզ անհրաժեշտ են իրական ընտրություններ լավագույն թեկնածուներով, և ես կառաջադրվեմ», – ասել է Սթրիթինգը «Առաջընթաց» խմբի՝ Լեյբորիստական կուսակցության կողմնակիցների խմբի համաժողովում, որոնք իրենց համարում են կուսակցության արդիականացնող թևի կողմնակիցներ։
Խմբին դիմելով՝ Սթրիթինգը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումը անվանել է «աղետալի սխալ»։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ձգտի վերամիավորվել ԵՄ-ին։
Սթարմերը դեմ էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, սակայն որպես վարչապետ՝ նա մերժել է ԵՄ-ին վերամիանալու կամ ներգաղթի նման հարցերում էական զիջումների գնալու փորձերը։
Թե ինչ է լինելու ներկուսակցական, ներքաղաքական և ներպատական այս խժդժությունների արդյունքում, դեռևս անհայտ է, բայց՝ կանխատեսելի:
Մինչ այդ, հիշեցնենք՝ Լեյբորիստական կուսակցության կանոնները պահանջում են, որ յուրաքանչյուր մրցակից ապահովի կուսակցության անդամների առնվազն 20%-ի աջակցությունը խորհրդարանում՝ նախքան ղեկավարի ընտրություններ սկսելը։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը նախընտրում են բաժանված Եվրոպա, զգուշացնում է Կալլասը
Էդուարդ Ֆիլիպը թեքվում է աջ՝ Ֆրանսիայի նախագահական մրցավազքում ծայրահեղ աջերի դեմ պայքարելու համար
Բրյուսել և եվրոպական մայրաքաղաքներ. ինչպես է Նյու Դելին կիրառում երկաստիճան ռազմավարությունը Եվրոպայում