19/05/2026

EU – Armenia

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի համաձայն՝ վերջինով և Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով: Ստանդարտի լիարժեք և արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն ներքին օրենսդրության համապատասխանեցման և իրավական հստակ գործիքակազմի ներդրման միջոցով:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններից բխող նոր մոդելային օրենսդրության և գործող հարկային օրենսդրությունը՝ Ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու պահանջներով, այլև համաշխարհային հարկային վարչարարության առաջատար փորձի ներդրման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ օրենսդրական փոփոխությունները բխում են 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության կողմից առաջին անգամ տեղեկությունների ավտոմատ փոխանակումից հետո իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: