27/05/2026

EU – Armenia

Հայաստանին տրվող գազի մասին Մոսկվան նորություն ունի

Գազի մատակարարման մասին համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին ծանուցումը հայկական կողմին ուղարկվել է արտաքին քաղաքական գերատեսչության գծով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։

«Դա արդեն Հայաստանի միջգերատեսչական փոխգործակցության հարցն է։ Դավիթ Խուդաթյանը կարող է դիմել ՀՀ ԱԳՆ և ճշտել ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվությունը», – ասել է Զախարովան։

Այսօր ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Զախարովայի խոսքով, փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ ռուսական կողմը կարող է դադարեցնել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարել: