03/07/2026

EU – Armenia

Լուկաշենկոն քաղաքացիների համար ՌԴ մուտքը կփակի՞

Ուկրաինայի Զինված ուժերի դրոնը հարվածել է հարվածել է Մինսկ-Գոմել-Անապա երթուղային ավտոբուսին,- հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցը, հղելով Բելառուսի առողջապահության նախարարությանը, տեղեկացրել է, որ «վիրավորվել են երկու վարորդները և մեկ ուղևոր»։ Վերջին շրջանում սա բելոռուսական ավտոբուսները ՌԴ տարածքում թիրախավորելու մասին երկրորդ տեղեկությունն է։

Բելառուսի ԲելՏԱ պաշտոնական գործակալությունը այս առթիվ տարածել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հայտարարությունը, որով նա բելառուսցիներին հորդորել է զերծ մնալ Ռուսաստան, հատկապես սահմանամերձ շրջաններ մեկնելուց։

Հիշեցնելով, որ քաղաքացիներին այդ մասին մի քանի անգամ զգուշացրել է նախագահ Լուկաշենկոն, գեներալ Վոլֆովիչը հիմնավորել է, որ Ռուսաստանի սահմանամերձ մարզերում «ամեն օր անօդաչուներ են վայր ըննում, տեղի են ունենում նման ոչ լավ դեպքեր» և հավելել, որ Բելառուսը Ռուսաստանի հետ սահմանը չի փակում, բայց տրանսպորտային ոչ մի ընկերություն «այսօր չի կարող անվտանգություն երաշխավորել»։

Ի վերջո նա Բելառուսի քաղաքացիներին խորհուրդ է տվել «վրան վերցնել և քաղաքակիրթ հանգիստ անցկացնել» բելառուսական անտառային լճերի մոտ։

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը, անշուշտ, հնչեցրել է պետական-պաշտոնական տեսակետ։ Ըստ այդմ, թե «մարզիկների», թե «զբոսաշրջիկների» ավտոբուսի դեմ դրոնային հարձակման համար Մինսկը Կիևին ուղղակի մեղադրանք չի ներկայացրել և չի պատրաստվում ներկայացնել։ Վոլֆովիչը ձևակերպել է, որ «նման միջադեպերը շարունակվելու են, քանի դեռ հատուկ ռազմական գործողությունը չի ավարտվել»։

Նման դեպքերում այդ մակարդակի պաշտոնյաները ավելին չեն ասում։ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ էության, Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով հրապարակայնացրել է, որ բելառուսական ավտոբուսների դրոնային հարձակման պատասխանատուն իր համար «հայտնի» չէ։

Այլապես գեներալ Վոլֆովիչը Կիեւի «նացիստական ռեժիմին» կմեղադրեր Բելառուսի խաղաղ բնակիչներին «սպանելու ֆաշիստական ծրագիր իրականացնելու» մեջ և կսպառնար «համարժեք պատասխանով»։

Պաշտոնական Մինսկի զուսպ և հիմնականում ենթատեքստային արձագանքից կարելի է եզրակացնել, որ ՌԴ նախագահի «Վալդայ» նստավայրում երկու օր տևած՝ Պուտին-Լուկաշենկո բանակցությունների արդյունքում Բելառուսի նախագահը «երկրին խաղաղության և միայն խաղաղություն է պետք» դիրքորոշումը չի փոխել։

Գեներալ Վոլֆովիչի հայտարարությունից հասկացվում է, որ Մինսկը դեռևս «ինչ-որ բան թաքցնում» է, բայց դժվար է կողմնորոշվել, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի նա, երբ ասում է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ «սահմանը չի փակում»։

Եթե իրավիճակը ավելի սրվի, Լուկաշենկոն քաղաքացիների համար ՌԴ մուտքը կփակի՞։