Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը դեռ աշխատանքները չէր ավարտել, Եվրախորհրդարանը իր պատմության մեջ առաջին անգամ Կիպրոսի հյուսիսային հատվածում 1974թ․-ին Թուրքիայի զինված ուժերի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։
Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրված է, որ Կիպրոսի հույն կանայք և աղջիկները թուրք զինվորականների «վայրագության զոհ են դարձել»։
Անցյալ ամսավերջին հայտնի է դարձել, որ Կիպորսի կարգավորման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Կուելյարը կողմերին ներկայացրել է «դաշնային պետության սկզբունքով կղզու միավորման ծրագիր»։ Այդ առթիվ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի պարագլուխ Էրհյուրմանը ասել է, որ «առանց երաշխավոր երկիր Թուրքիայի համաձայնության ոչինչ չի ստացվի»։
Կիպրոսի հյուսիսում ավելի քան կեսդարյա վաղեմության իրադարձությունների մասին Եվրախորհրդարանի բանաձևը, անշուշտ, Թուրքիայի նկատմամբ «փափուկ ուժի կիրառման» վկայություն է։ Անկարան շատ կոշտ է հակադարձել և թուրք զինվորականների հասցեին օգտագործված բնորոշումները անվանել «նողկալի կեղծիք»։
Թուրքիայի ԱԳՆ այդ առթիվ ընդունած հայտարարությունը Եվրոպայի խորհրդին և հատկապես Եվրախորհրդարանին մեղադրել է Կիպրոսի խնդրին «պատմական իրողություններից և անկողմնակալությունից հեռանալու սկզբունքով ավելի հաճախ մոտենալու» մեջ։
Միաժամանակ Բաքվի իշխանական մի քանի լրատվամիջոց, հղում անելով «միանգամայն վստահելի» աղբյուրների, հայտնել են, որ Եվրախորհրդարանը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն և Լեհաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները «հակադրբեջանական հիբրիդային ծրագիր են մշակել, որ մոտ ժամանակներս կմեկնարկի»։
Ըստ այդմ, «եվրոպական կառույցները ծրագրում են ակտուալացնել» բռնատեղահանված արցախցիների վերադարձի, Ադրբեջանում քաղբանտարկյալների և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների իրավունքների պաշտպանության հարցերը։ «Հիբրիդային պատերազմը պահանջում է հիբրիդային պատասխան, և Ադրբեջանը դրան պատրաստ» է,-եզրահանգել է minval politika-ի մեկնաբանը։
Այս համատեքստում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված մի շարք բնակավայրեր Իլհամ Ալիևի շրջայցը, որ նա կատարել է հուլիսի 11-ին։ Բերդաձորի Հին շենում նա «վերաբնակիչներին» ասել է, թե հույս ունի, որ «երկաթե բռունցքի կարիք այլևս չի զգացվի», իսկ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում վստահեցրել է, որ Ադրբեջանը «ուժեղ երկիր է, նրա բանակը հզոր է, և ոչ ոք այլևս ադրբեջանական ժողովրդին ցավ պատճառել չի կարող»։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա։
Երևում է, Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա» և դա պայմանավորված է Թուրքիայում ընդունվելիք որոշումներով։ The Jerusalem Post-ի մեկնաբանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները գնահատելիս նկատել է, որ ԱՄՆ նախագահը Էրդողանին «տարածաշրջանի նայող չի նշանակել»։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին
ՆԱՏՕ-ի Անկարայում կայացած գագաթաժողովին Վրաստանը որպես «գործընկեր երկիր» չի հրավիրվել
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը «արգելակել է Ադրբեջանի պահանջով»