14/07/2026

EU – Armenia

Դուք միայն խլել ու ավերել գիտեք. «Հրազդանցեմենտի» ոդիսականը

«Արարատցեմենտի» շուրջ զարգացումները մեզ ստիպեցին կրկին հիշել «Հրազդանցեմենտ» գործարանը:

Հրապարակ թերթը գրել է․ Պարզվեց` գործարանի ողջ գույքը՝ սարքավորումներով եւ շինություններով հանդերձ, հանվել է հրապարակային վաճառքի՝ պարտքերը մարելու համար: Աճուրդը կկայանա հուլիսի 29-ին: Ինչպես ստացվեց, որ ավելի քան 50 տարի գործող գործարանը, որն ուներ 400-600 աշխատող եւ թողարկում էր 500 եւ 400 մակնիշների ցեմենտ, սնանկացավ, ինչու իշխանությունը մատը մատին չտվեց` կանխելու այս պրոցեսը:

Մենք բազմիցս անդրադարձել ենք գործարանի խնդիրներին, բարձրաձայնել աշխատակիցներին չվճարված աշխատավարձերի հարցը: Իշխանության կողմից՝ քար լռություն: 2025-ին էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը նշել էր, որ Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը ՀՀ կառավարության վերահսկողության տակ է` խնդրի շուրջ հանդիպումներ եւ խորհրդակցություններ են անցկացվում, սեփականատիրոջ հետ մշակվում է «ճանապարհային քարտեզ»` ձեռնարկությունը ճգնաժամից դուրս բերելու համար, որը պայմանավորված է որոշ ֆինանսական խնդիրներով: Բայց կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց՝ գործարանը սեփականատիրոջ ձեռքից վերցնելու, պետականացնելու կամ առողջացնելու համար, թողեց, որ գործարանը թալանեն, սնանկանա ու աճուրդի հանվի:

Իսկ մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են աշխատող, եկամտաբեր «Արարատցեմենտը» քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում խլում Գագիկ Ծառուկյանից: Ի դեպ, այնտեղ մտադիր են ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին: Նույն Զաքարյանին, որը Հրազդանի ցեմենտի գործարանի հետ կապված քննարկումներից բացի որեւէ լուծում չգտավ ու ոչինչ չձեռնարկեց:
Հիմա ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «սրտաճմլիկ» գրառումներ է անում Հրազդանի ցեմենտի գործարանի վերաբերյալ` ձեռքի հետ էլ լրատվամիջոցներին է մեղադրում, թե ինչու չեք Հրազդանի ցեմենտի գործարանին անդրադառնում. «… Երկու օր է՝ մամուլը պայթում է, թե «Արարատցեմենտի» գործը կանգնած է, բա ո՞նց կլինի, բա ո՞նց անենք, բա ցեմենտը, բա աշխատողները, բա նրանց ընտանիքները, բա էրեխեքը, բա էսպես, բա էնպես, էս իշխանությունը փակեց գործարանը, ֆլան, ֆստան։ Միայն այսօր 6-7 հարցազրույց եմ նայել ընդդիմադիր դաշտից, բոլորն անխտիր անդրադարձան Արարատի գործարանին։ Մե սրտացավություն, մե հոգու մորմոք։ Հարգելի լրատվականներ ու լրագրողներ, մի քաղաք կա, անունը՝ Հրազդան։ Ուրեմն, որ Արարատի ցեմենտի գործարանը չկար, Հրազդանի ցեմենտով ստրատեգիական նշանակության կամուրջներ էին կառուցում։ 2023 թ. ապրիլից գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է անպատիվ ու անբարեխիղճ սեփականատերերի պատճառով, աշխատակիցներն արդեն 3 տարի է, ինչ աշխատավարձ չեն ստացել, ինչո՞ւ ոչ ոք այս մասին չխոսեց։ Ինչ է, Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները երեխայի կամ ընտանիքի փոխարեն հավի ճո՞ւտ են պահում, թե՞ կատվի ձագ։ Այսքան երկակի, այսքան կույր ու անարդար, այսքան սուբյեկտիվ ո՞նց կարող է մամուլը լինել։ Թե՞ վախենում եք՝ անդրադարձի դեպքում մարդկանց անուններ հիշատակվեն, որոնք ձեր քաղաքական հայրերն են ու հովանավորները։ Վախենում եք դուրս գալ ձեր հետքի վրա՞։ Ի դեպ, «Արարատցեմենտ» գործարանը ողջ թափով այսօրվանից աշխատում է, դեռ կսպասեմ, տեսնեմ՝ Հրազդանի մասին ով ծպտուն կհանի»։

Ուրեմն, ի գիտություն մամուլ, կայքեր չկարդացող եւ ճամարտակող Լիլիթ Ստեփանյանի` միայն «Հրապարակը» տասնյակից ավելի հրապարակումներ ունի Հրազդանի ցեմենտի գործարանի եւ աշխատակիցների չստացած աշխատավարձերի մասին: Բայց մեծ-մեծ փրթելու փոխարեն` այդ մտահոգ զայրույթդ քո իսկ իշխանությանն ուղղիր, որը բացի ավերելուց, ոչ մի բանի ունակ չէ: Մեդիան կանդրադառնա, թե ոչ՝ փակվող գործարանների խնդրին, դրանից մեծ բան չի փոխվում, որովհետեւ պետության ղեկին, պատասխանատու ոլորտների գլխին ձեր իշխանության ապաշնորհ ներկայացուցիչներն են նստած, որոնք ոչնչի ընդունակ չեն` ո՛չ ճգնաժամային կառավարման, ո՛չ սեփականատերերին աջակցելու, ո՛չ ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցների հարցերը լուծելու:
Ձեր իշխանությունը ոչ միայն քանդելու, այլեւ խլելու գործում է վարպետ` ՀԷՑ-ը խլեցիք Սամվել Կարապետյանի ձեռքից, քաղաքական հաշվեհարդար եք տեսնում Ծառուկյանի նկատմամբ, նրան պատկանող գործարաններն ու օբյեկտներն եք կապարակնքել: Իսկ ինչո՞ւ Հրազդանի ցեմենտի գործարանից իշխանությունը «ձեռքերը լվաց», ու գործարանը գնաց սնանկացման: ՀԷՑ-ը եւ «Արարատցեմենտը», «Հրազդանցեմենտ» գործարանի նման, սեփականատերեր ունեին, ինչո՞ւ խլեցիք ՀԷՑ-ն ու «Արարատցեմենտը», իսկ «Հրազդանցեմենտի» դեպքում ասում եք` պետությունն իրավական հիմքեր չունի՝ միջամտելու։

Իսկ «Հրազդանցեմենտ» գործարանը 2001 թվականին սեփականաշնորհվել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից, վերանվանվել «Միկացեմենտ» ՓԲԸ: 2016-ին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը: 2017-ի վերջին գործարանը ձեռք է բերել «Ջի Էմ հոլդինգ»-ի հիմնադրած «Հրազդանցեմենտ քորփորեյշն» ընկերությունը, որը պատկանում է երկու գործարարի՝ Վիտալի Գրիգորյանցին (55%) եւ Արսեն Միքայելյանին (45%): Վիտալի Գրիգորյանցը ռուս-ուկրաինական գործարար է, Ամիոբանկ վերանվանված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հիմնական բաժնետերն էր (95%): Արսեն Միքայելյանը նույն բանկի վարչության նախագահն է եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրենը: «Հրազդանցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի սնանկացման գործընթաց սկսելու մասին դատական որոշումը կայացվել է 2022թ. մայիսի 4-ին: