Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը։ «Կան մի ամբողջ շարք երկրներ, որոնց հետ մենք մոտ հարաբերություններ ունենք, և նրանք կիսում են այդ դիրքորոշումը, որի հետ մենք կատեգորիկ համաձայն չենք։
Այդ, դա մեր միջև տարաձայնությունների առարկա է։ Միաժամանակ մենք գտնում ենք, որ դա առիթ չէ, որպեսզի այդ հարցը մեր միջպետական հարաբերությունների վրա ինչ-որ ստվեր թողնի, այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ունենք»,-ըստ ՏԱՍՍ-ի ասել է նա։
ՄԱԿ-ի անդամ ոչ մի երկիր Ուկրաինայի հարցում Ռուսաստանի մոտեցումը չի կիսում, բայց Ադրբեջանի պարագան այլ է։ Ապրիլին, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրկին ռազմավարական գործընկերության մակարդակի բերելու մասին կողմերի արտգործնախարարությունների համաժամանակյա հայտարարությունից մեկ շաբթ հետո Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է Ուկրաինայի նախագահին։
Բաց աղբյուրների տեղեկությամբ՝ ձեռք է բերվել Ադրբեջանի տարածքում համատեղ ռազամաարդյունաբերական ձեռնարկություն հիմնելու պայմանավորվածություն։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել ռազմաարդյունաբերության բնագավառում Ուկրաինային աջակցող երկրներին, նրանց առաջնորդներին և հստակ շեշտել Ադրբեջանի հետ համագործակցությունը։
Սա արդեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ քաղաքական հարգանք չէ։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտված է, ուկրաինացիները ձգտում են վերականգնել 1991թ․ սահմանները, և այդ հարցում պաշտոնական Բաքուն նրանց առարկայական աջակցություն է ցուցաբերում։
Իհարկե, Ռուսաստանի իրավունքն է, թե Ուկրաինային աջակցող երկրներից որին է «թշնամի նշանակում» և որի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցում» դրսեւորում, բայց հուլիսի 13-ին Ալիևը ոչ միայն ուկրաինացիների ևս մեկ անգամ օկուպացիայի հետ չհաշտվելու կոչ է արել, այլեւ բացահայտ ծաղրել է ՌԴ նախագահ Պուտինին։
ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Գուսմանին և քաղաքագետ Գեորգի Մարկովին նա անվանել է «տուժածներ», իսկ ռուսաստանցի լրագրողներից մեկին բաց տեքստով ասել է․ «Սաշա, զգույշ եղիր»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ նա էլ կարող է Պուտինի «զոհը դառնալ»։
Պուտինի և Ալիևի անձնական հարաբերությունները ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեն։ Ի՞նչ կապերով են նրանք կաշկանդված, կարելի է միայն ենթադրել։ Բայց Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի «պրագմատիկ մոտեցումը» միայն դրանով չէ, երևի, պայմանավորված։
Ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը, որ մի փուլում կարող է ծառայեցվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։ Այս հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր է։

Բաց մի թողեք
44-օրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
Ինքն իրեն հսկայական պարգևավճարներ հատկացնելու փոխարեն միջոցներ ուղղի ծնելիության խնդրի լուծմանը
Ալիևի հայտարարությունները՝ քննադատության թիրախում