24/07/2026

EU – Armenia

Կասպից ծովը ռազմականանում է, ԱՄՆ-ը «արտոնո՞ւմ է»

Անկարայում հուլիսի 7-8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական արդյունքներից մեկը, անկասկած, պոստկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգությանը Թուրքիայի մասնակցության մասին պայմանավորվածությունն է։

Ճիշտ է, այդ մասին հայտարարվել է ավելի ուշ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը այցելել է Կիև, բայց պարզ է, որ նման շատ սկզբունքային հարցում Անկարան չէր կարող «մրցանակակիր» դառնալ, եթե չստանար Միացյալ Նահանգների և Հյուսիս-ատլանտյան դաշինքի մյուս գործընկերների համաձայնությունը։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա Սև ծովում Ռուսաստանի առանց այդ էլ վտանգված ռազմական ներկայությունը ավելի կթուլանա։ 18-րդ դարավերջին Ռուսաստանը Օսմանյան կայսրության դեմ պատերազմ է մղել Սև Ծովում և Բոսֆոր-Դարդանելի նեղուցում ռազմական ներկայության համար։

Ճիշտ է, նեղուցները, ի վերջո, մնացել են Թուրքիայի իրավազորության ներքո, բայց ԽՍՀՄ-ը, ապա և անկախ Ռուսաստանը ռազմածովային ուժերի ներկայությունը պահպանել են նաև Միջերկրականում։

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը Սիրիայի նոր իշխանությունների հետ Տարտուսի ռազմածովային հենակայանը պահպանելու հարցով բանակցություններ է վարում։ Փորձագետները, սակայն, համոզված են, որ ինչ արդյունք էլ դրանք արձանագրեն, Ռուսաստանը այլևս նախկին ներկայությունը չի ունենա։

Բաքվի մամուլը վերջին օրերին Կասպից ծովի «ռազմականացման» խնդրին ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում։ Այդ թեման հրատապ է դարձել, երբ փետրվարի վերջին Իրանի դեմ սկսած ռազմագործողությունների ընթացքում իսրայելա-ամերիկյան ուժերը առաջին անգամ ռմբակոծել են իրանական Էնզելի նավահանգիստը։

Այն գտնվում է Իրանի հյուսիսում և Ռուսաստանի ու Կասպյան ավազանի այլ երկրների հետ Իսլամական հանրապետության ծովային հաղորդակցության գլխավոր հանգույցն է։

Էնզելի նավահանգստի ռմբակոծումները չեն շարունակվել, բայց փաստը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշական է։ Ռուսաստանին և Իրանին հղվել է հստակ ազդակ, որ Էնզելի-Աստրախան լոգիստիկան ամենևին էլ անվտանգ և երաշխավորված չէ։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմին ընդառաջ Կասպյան նավատորմիղի հրամանատարական կետը և գլխավոր կայանատեղին Աստրախանից տեղափոխել է Կասպիյսկ։

Կասպից ծովի ավազանը Ռուսաստանը օգտագործել է Սիրիայում «Կալիբր» հրթիռներով թիրախներ խոցելու համար։ Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը նույն վայրերից հրթիռներ է արձակում նաև Ուկրաինայի դեմ։

Փաստացի Թուրքիային հաջողվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերին «սեղմել» Միջերկրական և Սև Ծովերում։ Բացառված չէ, որ նույնը տեղի ունենա նաև Կասպից ավազանում։ Մերձկասպյան հինգ երկրներից երեքը՝ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են։

Ավելի քան քառորդ դար ԱՄՆ-ը աջակցել է, որպեսզի Կասպից ծովում Ադրբեջանը արդիական ռազմածովային ուժեր ունենա։ Վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը նաև ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է եկող տարվա ռազմական բյուջեի մասին օրինագծի օգտին։ Այդ մասին հայտնել է «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությունը։ Ամերիկացի օրենսդիրները եկող տարվա ռազմական բյուջեն հաստատել են 1,15 տրիլիոն դոլարի չափով։ Միացյալ Նահանգների կառավարությունը, այդպիսով, նախատեսել է ռազմական ծախսերը միանգամից ավելացնել 250 միլիարդ դոլարով։

Օրինագիծը, որ միաժամանակ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես վերանվանում է «պատերազմի նախարարություն», ընդունվել է ընդամենը չորս ձայնի առավելությամբ․ կողմ է քվեարկել 216 կոնգերսական, դեմ՝ 212-ը։ Այն պետք է քվեարկվի նաև Սենատում։

Ըստ «Դոյչե վելլեի», Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական օրենսդիրները սուր քննադատել են Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով «սոցիալ-տնտեսական ծրագրերի հաշվին ռազմական ծախսերը կտրուկ մեծացնելու» մեջ։

Պենտագոնի «վստահելի աղբյուրներից» հայտնի է դարձել, որ ռազմական ծախսերի ավելացումը ենթադրում է զինծառայողների աշխատավարձի 5-7 տոկոսով բարձրացում, բայց ծախսերի «առյուծի բաժինը կհատկացվի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ստեղծմանը»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ոսկե գմբեթ» համակարգ ստեղծելու առաջնահերթության մասին՝ նպատակ ունենալով Միացյալ Նահանգների ողջ տարածքը «առնել հուսալի հովանոցի տակ»։ Վերջին մի քանի օրերին Իրանը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան «տասնյակ հենակետեր է խոցել»։

Տարածաշրջանի երկրները, ըստ իսրայելական մամուլի, «այլընտրանք են փնտրում»։ «Եդիոտ ահրոնոտի» տեղեկություններով՝ Հունաստանը Իսրայելի հետ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ ձեռք բերելու բանակցություններ է վարում։ Ըստ այդմ, խոսքը ավելի քան երեք միլիարդ դոլար արժեցող գործարքի մասին է։

ԱՄՆ եկող տարվա ռազմական ծախսերի կտրուկ ավելացման քաղաքականությունը վկայում է, որ Վաշինգտոնը տեսանելի ապագայում միջազգային լարվածություն է կանխատեսում։ Ռազմական ծախսերը աճում են նաև Եվրամիության անդամ երկրներում, ինչպես նաև՝ Թուրքիայում։ Անկարան պաշտոնապես հայտարարել է ռազմավարական ինքնաբավության հասնելու նպատակ և հետևողականորեն արդիականացնում է ռազմաարդյունաբերությունը։

Բաքվի իշխանական minval politika-ն կանխատեսել է Կասպյան ավազանի «հետեւողական ռազմականացում»՝ կապված Իրանում և նրա շուրջ իրավիճակի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում «չին-ամերիկյան մրցակցության սրման հետ»։ Միացյալ Նահանգները 2001 թվականից ի վեր Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացմանը շոշափելի աջակցություն են ցուցաբերել։

Պաշտոնական Բաքուն լծվել է ԱՄՆ Կոնգրեսում «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը չեղարկելու լոբբինգին։ Կասպից ծովում գերիշխող դիրք ունեն Ռուսաստանը և Իրանը։ Ադրբեջանը կարող է «հակակշիռ ստեղծել», եթե Միացյալ Նահանգները «արտոնեն»։