25/07/2026

EU – Armenia

Ուիթկոֆը չլուսաբանվող այց կկատարի Մոսկվա և կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ

Ուկրաինայի նախագահ Զելենսկին գալիք շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել ԱՄՆ-ում Deutsche Welle-ի թղթակից Միխայիկ Կոմանդովսկին, հայտնել է ուկրաինական Unian-ը։

Զելենսկին հուլիսի 28-ին «կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, ինչպես նաև կարող է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Այդ հանդիպման ձևաչափը «դեռևս լիովին համաձայնեցված չէ, կողմերը դեռեւս ճշտում են՝ դա կլինի սգո արարողության շրջանակներու՞մ, մասնավոր հանդիպո՞ւմ, թե՞ Սպիտակ տուն այցելություն»։

Ուկրաինական լրատվամիջոցը, ընդսմին, կարեւորել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը անձնական սոցիալական հարթակում տեղադրել է Զելենսկու հետ իր աջակից լրագրող Լորի Լումերի հարցազրույցից մի հատված, որտեղ Ուկրաինայի նախագահը ասել է, որ Թրամփի հետ իրա հարաբերությունների «բեկումնային պահը 2025թ․ ապրիլին Վատիկանում կարճատև հանդիպումն» էր։

Ենթադրվում է, որ եթե ԱՄՆ նախագահը տարածել է Զելենսկու հարցազրույցի այդ հատվածը, ուրեմն իր և նրա հարաբերությունների «արմատական բեկման» գնահատականը կիսում է։

Դիտարժան է, որ Զելենսկու ԱՄՆ այցի և Դոնալդ Թրամփի հետ որևէ ձևաչափով հանդիպման հավանականության մասին տեղեկությունը հաջորդել է Ֆիլիպինների մայրաքաղաքում պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս կենտրոնացել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարման «բացարձակապես անընդունելի լինելու» վրա։

Reuters-ի տեղեկություններով, Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սպառազինություններ վաճառել»։

Ըստ էության, Վաշինգտոնը մերժել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի պահանջը, որովհետև ՆԱՏՕ-ի երկրները դրանք ձեռք են բերում Ուկրաինա առաքելու համար։ «Նյու Յորք թայմսի» մեկնաբանը իրավիճակը ներկայացրել է այնպես, որ Լավրովը Մանիլայում Ռուբիոյին ասել է․ «Մենք կշարունակենք կրակել մարդկանց վրա, բայց դուք նրանց պաշտպանվելու համար զրահաբաճկոն մի տվեք»։

Եթե DW-ի վաշինգտոնյան թղթակցի ունեցած տեղեկությունը հավաստի է, ապա Ռուբիո-Լավրով կարճատև բանակցություններից հետո Թրամփ-Զելենսկի հանդիպումը միայն մի բան է նշանակում․ ուկրաինական կարգավորման ռուս-ամերիկյան բանակցություններ տեսանելի ապագայում հազիվ թե անցկացվեն։

Մինչև տարեվերջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման երկու հնարավորություն կա՝ G 20 և Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժոողով։

Որքանով հասկացվում է, Պուտինը Մայամիում կայանալիք G20-ի գագաթաժողովին չի մասնակցի։ Երկրորդ ոչ պակաս կարևոր խորհրդաժողովին նրա մասնակցությունը արդեն պաշտոնապես հաստատվել է։

Բայց այդ շրջանակներում նա Թրամփի հետ հանդիպում կունենա՞։ Մոսկվան ակնհայտորեն ձգտում է վերականգնել Անքորիջի «ոգին»։ Մինչ այդ Մոսկվա կայցելի ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքֆլիհը։

Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ «եկող շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը չլուսաբանվող այց կկատարի Մոսկվա և կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»։