09/08/2026

EU – Armenia

Ինչո՞ւ էր Գոհար Աբաջյանը ներկա Firebird AI-ի պաշտոնական բացմանը․ ինչ կապ ունի նախարարի կինը ընկերության հետ. Լուսանկար

Հայաստանում օգոստոսի 8-ին, պաշտոնապես բացվեց Firebird AI-ի Հրազդանի արհեստական բանականության գործարանը։ Ըստ հրապարակումների` այն դարձել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը։

Հրապարակ թերթը գրել է․ Բացման միջոցառմանը ներկա էր և շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների թվում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Նրա ներկայությունը, սակայն, միայն պաշտոնական արարողության հյուրի կարգավիճակով չի սահմանափակվում։

Ինչո՞ւ էր Գոհար Աբաջյանը ներկա Firebird AI-ի պաշտոնական բացմանը․ ինչ կապ ունի նախարարի կինը ընկերության հետ

Աբաջյանը Firebird-ի հայկական նախագծի հետ կապված է իր զբաղեցրած պաշտոնի միջոցով և ներգրավված է եղել դեռ դրա մեկնարկից։ Գոհար Աբաջյանը Enterprise Armenia-ի գործադիր տնօրենն է։ Enterprise Armenia-ն Հայաստանի ներդրումների աջակցման ազգային կառույցն է, որի առաքելությունն է ներդրողների ներգրավումն ու նրանց աջակցությունը Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում։

2025 թվականին Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հրապարակավ գրել է, որ Հայաստանի կառավարության կողմից իրեն և Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովաղիմյանին տեղեկացվել է, որ նախագծի իրականացումը Enterprise Armenia-ից համակարգելու է Գոհար Աբաջյանը։

Ինքը՝ Աբաջյանը, նույնպես հրապարակել է, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի, NVIDIA-ի փոխնախագահ Rev Lebaredian-ի և Firebird-ի համահիմնադիրների հանդիպմանը, որտեղ քննարկվել է $500 մլն արժողությամբ AI Factory-ի իրականացումը Հայաստանում։

Enterprise Armenia-ի պաշտոնական հաղորդագրություններից երևում է, որ Աբաջյանը Firebird-ի նախագծով զբաղվել է շարունակաբար։ 2026 թվականի փետրվարի 10-ին նա մասնակցել է Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Rev Lebaredian-ի հանդիպմանը։

Հանդիպման օրակարգում եղել է նաև Firebird AI Factory-ի առաջընթացը, այդ թվում՝ NVIDIA-ի բարձր արտադրողականության չիպերի Հայաստան արտահանման թույլտվությունների հարցը։ Իսկ ահա 2026 թվականի ապրիլին Enterprise Armenia-ն նաև մասնակցել է ՀՀ կառավարության և Firebird-ի միջև $25 մլն GPU ծառայությունների հնգամյա պայմանագրի ստորագրման միջոցառմանը։

Ըստ Enterprise Armenia-ի՝ պայմանագիրը նախատեսված է Հայաստանի AI էկոհամակարգին հաշվարկային հզորություն տրամադրելու համար։ Ավելին՝ հունիսին Enterprise Armenia-ն Գոհար Աբաջյանի գլխավորությամբ EBRD-ի տարեկան հանդիպման շրջանակում ներկայացրել է Հայաստանի ներդրումային օրակարգը, որի առանցքային նախագծերից մեկը հենց $4 մլրդ AI megaproject-ն էր։

Այդ միջոցառման պանելում մասնակցում էր նաև Firebird-ի բաժնետեր Հայկ Եսայանը։ Firebird-ը սովորական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում կառուցվող հերթական տվյալների կենտրոն չէ։

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տեխնոլոգիական համագործակցության մաս՝ NVIDIA-ի տեխնոլոգիական մասնակցությամբ։ Առաջին փուլը գնահատվել էր մոտ $500 մլն, իսկ 2026 թվականի փետրվարին հայտարարվել է ընդլայնման ծրագիր, որի ընդհանուր ներդրումների ծավալը պետք է հասնի մոտ $4 մլրդ-ի, իսկ GPU-ների թիվը՝ մինչև 50,000։