11/08/2026

EU – Armenia

Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի

Արդեն ավարտվել է բուհերի առկա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր:

«Հրապարակ» թերթը գրել է․ Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե «փրկում են» Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով:

Մինչդեռ անգամ կրթաթոշակը չի օգնում. այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն:

Ընդունելության հիմնական փուլում 68 դիմորդից ընդամենը 20-ին է հաջողվել հաղթահարել ընդունելության շեմը եւ դառնալ ագրարայինի ուսանող: Եվս 9 ուսանող ընդունվել է թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթի արդյունքում:

Ի դեպ, այս վիճակն ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի հիմնած «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը։