12/08/2026

EU – Armenia

Հարվածներ ու ծափեր. Ինչ է կատարվում ԱԺ-ում․ 26 պատգամավոր է միացել դիմումին. Տեսանյութ

Ազգային ժողովը 2026 թվականի հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց բավականին արտառոց եւ Սահմանադրության տառը ոտնահարող օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում էր արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։

Նոր կարգավորման համաձայն՝ ընտրական իրավունքը չեն կարողանա իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրողների ցուցակները հրապարակելուն նախորդած երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Բացառություն է նախատեսվում ուսման նպատակով արտերկրում գտնվող եւ պետական գործուղման մեկնած քաղաքացիների համար։ Օրենսդրական փոփոխությունը 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես ասում են, ընդունեց վերջին շնչում` հեռանալուց օրեր առաջ:

Ըստ փորձագետների, դա արվում էր դրսից Հայաստան ժամանող անձանց` ընտրություններին մասնակցելու հնարավորությունը բացառելու համար, քանի որ այս իշխանություններին թվում է, թե դրսում բնակվող յուրաքանչյուր հայ իրենց հեռացումն է ուզում, եւ գալիս են միայն այդ նպատակով, որ իրենց դեմ քվեարկեն: Այս փոփոխության նպատակը նաեւ ընտրողների քանակը փոփոխելն է` նվազեցնելը, որ հանրաքվեի ժամանակ անցողիկ շեմն իջնի, եւ իրենց ուզած արդյունքը ստանան, օրինակ` ալիեւյան սահմանադրական հանրաքվեն անցկացնեն:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական այդ փոփոխությունը կատարելու ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Օրենսդրական փոփոխությունները խիստ քննադատության են արժանացրել նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք հայտարարեցին, որ սահմանափակումը հակասահմանադրական է, անհամաչափ եւ կարող է վտանգել ժողովրդավարական սկզբունքները՝ խախտելով ՀՀ քաղաքացիների քաղաքական եւ ընտրական իրավունքները։

ՍԴ ուղղվելիք դիմումն արդեն ներկայացվել է: Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից հայտնեցին. «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը 27.07.2026 թ. դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դիմումը ստորագրել են Ազգային ժողովի 26 պատգամավորներ: ՍԴ աշխատակարգի համապատասխան կարգավորման համաձայն՝ դիմումի նախնական ոսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում»։

Մենք տեղեկացանք, որ այս դիմումի վրա հիմնականում աշխատել է «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը` մի խումբ իրավաբանների հետ: Փորձեցինք զրուցել նա հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։