Ստրասբուրգում նախօրեին ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։
Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։
Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը:
«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի հարցերի և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումների»,- նշված է հրապարակված բանաձևում։
Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնել ոչ միայն երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման առնչությամբ, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող «23 հայ ձերբակալված անձանց» խնդրին և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։






Բաց մի թողեք
Մեկնարկում է ԵՄ-Հնդկաստան գագաթնաժողովը նվիրված ազատ առևտրի համաձայնագրին. Լուսանկար
Եթե Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի ու Եվրամիության հետ «բացվելու» լիբանանյան քաղաքական ուղեգիծը ձախողվի
Եվրոպացիները մռայլ են աշխարհի վիճակի, իրենց երկրների, Թրամփից եկող վտանգների հանդեպ