ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական Truht Social հարթակում գրառում է կատարել և մեջբերել New York Post պարբերականից մի դիտարկում, ըստ որի «Ռուսաստանը դրսևորում է ապակառուցողականություն և ուկրաինական կարգավորման բանակցությունները ձախողելու նպատակ է հետապնդում»:
Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել է, որ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա, ով տեղեկացված է ԿՀՎ անցկացրած հետաքննությունից, «Ուոլ սթրիթ ջոռնելին» ասել է, որ Ուկրաինայի կողմից «Նովգորոդի մարզում ԱԹՍ-երի գրոհ իրոք եղել է, բայց հավանական թիրախ էր ընտրված ոչ թե ՌԴ նախագահ Պուտինի պետական նստավայրը, ինչպես Մոսկվան է ներկայացրել, այլ՝ ռազմական օբյեկտ, որ նախկինում նույնպես հարձակման է ենթարկվել»:
Ամանորի գիշերը, դիմելով ժողովրդին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել է «դուրս եկեք Դոնբասից և ամեն ինչ ավարտեք» սկզբունքով խաղաղություն հաստատելու հայեցակարգը: Նա ասել է, որ ինքը խաղաղության ջատագով է, բայց «ոչ Ուկրաինայի կործանման գնով»: Զելենսկին Ուկրաինան անվանել է «Եվրոպայի վահան»: Ուկրաինայի նախագահը վերստին պնդել է, որ կարգավորումը և անվտանգությունը պետք է երաշխավորվեն ԱՄՆ Կոնգրեսի և եվրոպական երկրների խորհրդարանների կողմից:
Այս ֆոնին գերմանական Die Welt-ը տեղեկություն է տարածել, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկել են ռուս-ուկրաինական ռազմաճակատի շփման գծում տասնհինգ հազար զինվորականներ տեղաբաշխելու հարցը և «սկզբունքային համաձայնության եկել»:
Խոսքը կրակի դադարեցման դեպքում իրավիճակը «մշտադիտարկելու» մասին է: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ըստ գերմանական պարբերականի, ասել է, որ երկկողմ համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ Եվրահանձնաժողովի կողմից «մանդատ ստանալու կարիք չունի»:
Եթե ԱՄՆ ԿՀՎ-ն իրոք նախագահ Թրամփին զեկուցել է, որ ուկրաինական կողմը ՌԴ նախագահի նստավայրը գրոհելու գործողություն չի իրականացրել, և նա այդ փաստն արձանագրել է սոցցանցային անձնական հարթակում, ապա Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն այցի ծանր հետևանքները կարո՞ղ են վերանայվել:
Ամանորյա ոիղերձում Ուկրաինայի նախագահը խոսել է ամերիկյան Tomahawk հրթիռների մասին: Վլադիմիր Պուտինի հետ տարեվերջի հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը «բարեբախտություն» է համարել, որ այդ հրթիռները չի հատկացրել Ուկրաինային:
Նա լիովին վստահել է Պուտինին և «զայրացել», որ ուկրաինացիները փորձել են խոցել ՌԴ նախագահի նստավայրը: Երկու օր անց ամերիկյան հատուկ ծառայությունները հերքել են պուտինյան վարկածը և հանրայնացրել, որ Ուկրաինան թիրախավորել է ռազմական օբյեկտ:
Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ ԿՀՎ-ն փորձում է նախագահ Թրամփի քաղաքական դիրքորոշմանը ներազդել:
Բայց, երևում է, Ուիթկոֆ-Քուշներ բանակցային տանդեմը Մոսկվայի հետ «համատեղ բիզնես-ծրագրերի հարցում» այնքան են խորացել, որ ուկրաինական կարգավորման նոր դիրքորոշում մշակելու ժամանակ Սպիտակ տունը պարզապես չունի:






Բաց մի թողեք
Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել