Կեղծիք ու ներշնչանք … ահա ինչով է զբաղված իշխանությունն օրնիբուն` անգամ ամանորյա շնորհավորանքների տեսքով:
Բոլոր այն հայրենատեր քաղաքացիներին, ովքեր վրդովված են Փաշինյանի ամանորյա ուղերձից ու Հրապարակի շոուից խորհուրդ կտամ խաղաղ վերաբերվել այդ նախընտրական ճիգերին: Դրանք ուղղված են իրենց փոքրաքանակ էլեկտորատին և տարրական անալիզ անելու անընդունակ մարդկանց: Իսկ մտածելու ունակ մարդիկ հաստատ հասկանում են.
– Ասում է` 22 ամիս զոհ չունենք: Չունենք, որովհետև Ալիև& քոմփանին գիտակցում է, որ իրենց օդուջրի նման հարկավոր է Փաշինյանի վերարտադրությունը, հայտնի չէ 26-ի հունիսից հետո (եթե ՔՊ-ն վերարտադրվի) ինչ կլինի: Եվ Հայաստանի պատմության ընթացքում խաղաղ շրջաններ անցյալում էլ են եղել, 95- 2016 թվերի ողջ միջակայքում, ինչը չխանգարեց, որ 20 թվի սոսկալի պատերազմը լինի: 22 ամիսը շատ կարճ շրջան է խաղաղության մասին հեռուն գնացող հետևություններ անելու համար:
– ինքնություն, ապագա, խաղաղություն («Հայաստանն այսօր պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ…») արտահայտություններ անողը երևի երբևէ չի լսել, թե ինչ են ասում Ալիևն ու իր չինովիկները 24| 7 ռեժիմով…Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձ, հայերին վերջնական դաս տալու ծրագրեր, Սաֆարովի հերոսացում…
-Ադրբեջանի հետ առևտուրը միֆ է: Մեկանգամյա գնացքները փիառի ու կեղծիքի համադրություն են: Տասնյակ տարիներ են պահանջվելու, որ լոգիստիկ սխեմաներ ձևավորվեն և հայկական ապրանքը գնա, կամ`Ադրբեջանով մեզ անհրաժեշտ ապրանքը մտնի Հայաստան:
– Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերը լոկ թղթեր են, որից մենք ոչինչ չենք ստանալու և դա միայն մենք չենք ասում` տասնյակ առիթներով Ալիևը և անգամ իրանցիները խոսել են այն մասին, որ Հայաստանը «միջանցք» է տվել, ինչքան էլ ՔՊ-ն հակառակը պնդի:
– «Ոչ մի զիջման չենք գնացել» արտահայտությունը գնացեք ասեք Կիրանցեցիներին, Ջերմուկի, Սիսիանի, Ներքին Հանդի, Սոթքի ու Շուռնուխի բնակիչներին, Գորիս-Կապան ճանապարհով տասնամյակներ երթևեկած հայերին: Սահմանազատման հեքիաթներն էլ պատմեք մտավոր հետամնացներին, որոնք հարց չեն տա, իսկ ինչու՞ մեր հողերը հետ չեն տալիս, գոնե էն հողերը, որոնք պետք է տային էն քարտեզով, որով 4 գյուղ զիջեցիր Ադրբեջանին, ասելով` «մեր տնօրինության տակ կան ադրբեջանական հողեր, Ադրբեջանի տնօրինության տակ էլ` հայկական հողեր»:
– «Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, հիմա մերն է», «մենք այսօր ապրում ենք երազանքի մեջ»…սրա հետ միանգամայն համաձայն եմ, եթե «մեր ու մենք» բառերի տեղը գրենք ՔՊ, ամեն ինչ տեղը կընկնի: Ձեր ո՞ր երազանքում կարող էիք պատկերացնել, որ ապրելու եք դղյակներում, ստանալու եք մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, պետության հաշվին աշխարհ եք տեսնելու` ամենաթանկ հյուրանոցներում հանգրվանելով, բարձր դասի մեքենաներով շրջելով: Իրոք` երազանքների իրականացում է:
– Տնտեսական աճ, 300 դպրոց-500 մանկապարտեզ, Ակադեմիական քաղաք…8 միլիարդի պետական պարտք վերցրած իշխանությունը պետք է այս տարիներին ՆԱՍԱ ստեղծած լիներ, Մերսեդեսի գործարան, գոնե մի քանի հատ Մետրոյի կայարան կառուցած լիներ, բայց 8 տարում բյուջեն, ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ ավելացած եկամուտները ուղղակի խժռել է` վերածելով թվանոց աշխատավարձերի իշխանամետ շրջանակների համար: Իսկ էդ մի քանի մանկապարտեզն ու ասֆալտը կրճոններ են, որ նետում են իրենց էլեկտորատին:
– Եվ վերջապես. սրտիկի ցուցադրումը համարյա պետական գերբին հավասարեցրած թիվ 1 պաշտոնյան իր ուղերձն ավարտում է. «26-ը համախմբման ու միասնության տարի է, սիրում եմ բոլորիդ»:
Սա ասում է մի մարդ, որ 25-ին ամեն շաբաթ հայկական մի եկեղեցի է ասպատակել, իր լուծը չընդունած կաթողիկոսին ու հոգևորականներին անխնա վիրավորել, մի քանի օր առաջ կոչ է արել` գնացեք պատարագները խանգարեք, դեկտեմբերի 30-ին քաղաքագիտության դոկտոր է կալանավորել, սրբազաններին էլ պահում է ԱԱԾ «պադվալում», որովհետև…ինքն այդպես է ուզում: Համախմբման ու սիրո շատ յուրօրինակ պատկերացում ունի այս մարդը…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
2026-ին մարտական ենք տրամադրված. Հայկ Մարության․ Լուսանկար
Շնորհակալ եմ, որ գոնե դրոններով ասենք ՔՊ ցանկի պատգամավորների նկարները չեն ցուցադրել
Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է․ Գրիգոր Առաքելյան