Արամ Մկրտչի Տերտերյան այսօր տոնում է ծննդյան 60 ամյակը: Ճանաչված բժիշկը ծնվել է 1960թ հուլիսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Հայտնի բժիշկ-սրտաբան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոսը այսօր Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անհետաձգելի ստրաբանական ծառայության ղեկավարն է:
Արամ Տերտերյանը 1967-1977թթ սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում,որին զուգահեռ ուսանել է նկարչություն էջմիածնի գեղարվեստի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1985 թվականից աշխատել է ՀՀ տարբեր կլինիկաներում՝ ընդհանուր թերապիայի, այնուհետև Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման և սրտաբանության բաժանմունքում, ապա Մխիթար Հերացու անվան համալսարանական հիվանդանոցում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: Ի դեպ նրա որդին` Մկրտիչ Արամի Տերտերյանը, նույնպես բժիշկ է՝ միկրովիրաբույժ:
Արամ Տերտերյանի ծնողները, մայրը մանկաբույժ՝ Ֆլորա Միքայելի Մկրտչյանը և հայրը Մկրտիչ Կիրակոսի Տերտերյանը, նույնպես բժիշկներ էին: Ֆլորա Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է Ստեփանավանի շրջանային հիվանդանոցում,այնուհետև 1959 թվականից ավելի քան 40 տարի եղել է Էջմիածնի մանկաբուժական հիվանդանոցի բաժանմունքի վարիչը:
Հայրը՝ Մկրտիչ Տերտերյանը, Հայրենական Մեծ Պատերազմից հետո գործուղվել և աշխատել է Հյուսիսային Կովկասի Օրջոնիկիձեի շրջանային հիվանդանոցում, այնուհետև վերադառնալով հայրենիք, երկար տարիներ աշխատել է ներկայիս Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքներում որպես թերապևտ, իսկ 1959 թվականից ավելի քան երեք տասնամյակ աշխատել է էջմիածնի շրջանային հիվանդանոցում որպես թերապիայի բաժնի վարիչ:
Արամ Տերտերյանի նախնիները Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգից են: Բժիշկ Արամ Տերտերյանի պապը ցեղասպանությունը վերապրած Մկրտիչ Տերտերյանի գերդաստանի միակ զավակն էր, ով ծնվել է Արգենտինայում՝ հայկական ջարդերից հետո: Հենց դա էլ 2000 թվականին դեպի Արարատ լեռը բարձրացող լեռանգնացների միջազգային, 50 հոգանոց խմբին որպես խմբի միակ բժիշկ կամավոր միանալու հիմնական պատճառն է դարձել: Մայրը Թիֆլիսեցի է և ընտանիքի հոր՝ Մկրտիչ Տերտերյանի հետ սովորել են բժշկական ինստիտուտում և 10 տարի անց հանդիպումներից մեկը հիմք է դարձել նրանց ընտանիքի կայացման համար:
Արամ Տերտերյանը մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ և համահեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր բժշկագիտական կոնֆերանսների՝ իր ներդրումն ապահովելով բժշկության՝ հատկապես սրտաբանությանը վերաբերող հարցերին ժամանակակից լուծումներ առաջարկելու գործում:
Ճանաչված սրտաբանը արցախյան ազատամարտի տարիներին մարդկանց կյանքեր փրկելու սուրբ գործը մեծ նվիրումով և պատասխանատվությամբ է կատարել իր համեստ լուման դնելով այդ կարևոր գործում: Իսկ խաղաղ տարիներին Տերտերյանը պարբերաբար մասնակցում է տարբեր բարեգործական ծրագրերի, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ անվճար հնարավորություն են ունենում բարձրակարգ բժշկական խորհրդատվություններ ստանալ:
Անվանի սրտաբանն այսօր էլ ազատ ժամանակ գտնելուն պես զբաղվում է նկարչությամբ, որն Արամ Տերտերյանի հոբբին է:
Ճանաչված սրտաբանը Պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ԱՆ և մի շարք գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և տեղական բուհերի շնորհակալագրերով և պատվոգրերով:
Այս ակնարկն Արամ Տերտերյանի մասին պատմող ոչ լրիվ գնահատական է նրա ավելի քան երեք տասնամյակ կատարած սրտացավ գործի և նվիրվում է անվանի բժշկի ծննդյան 60 ամյակին:
Բաց մի թողեք
Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա․ Սուրենյան
Մարտի 22-ի աստղագուշակ․ Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից
Մարտի 21-ի աստղագուշակ․ Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին