05/10/2024

Բաբկեն Թունյանը` ՀՀ վարչապետի հայտարարության, Զելենսկու ՀՀ այցի ու նախարար նշանակվելու մասին

«Վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված է, ինչը գաղտնիք չէ»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»,- նկատեց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք դեռ շարունակում մնալ կառույցում, պատգամավորը ընդգծեց․ «Ցանկացած որոշման դեպքում պետք է հաշվարկես, թե ինչ-որ քայլ անելու կամ չանելու վնասները որոնք են։ Եթե մի օր պարզվի, որ դուրս գալը ֆորմալ առումով ՀՀ շահերից ավելի շատ է բխում, բնականաբար, պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով։ Եթե մնում ենք այդ կառույցում, նշանակում է՝ դեռ իմաստ ենք գտնում մնալու»։

Վերջինս նաև շեշտեց. «Պետության ղեկավարը կամ կառույցների ղեկավարները պահի տակ հայտարարություններ չեն անում»։

Հիշեցնենք՝ France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»: Այս հայտարարության առնչությամբ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել Հայաստանից:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ իրեն առաջարկել են զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նման քննարկում եղել է։

«Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ում մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Թունյանը նաև նկատեց՝ Պապոյանը իր գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարդ է՝ նվիրված իր քաղաքական թիմի արժեքներին։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը գրավում է բոլոր պետական պաշտոնները, պատգամավորը պարզաբանեց․ «Մեր կուսակցությունը ընտրություններում հաղթած ուժն է, և պետական պաշտոններն ու Կառավարությունը ձևավորվում է այդ ընտրությունների հիման վրա այդ քաղաքական ուժի կողմից, գրավելու կամ չգրավելու խնդիր չկա»։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում անդրադարձավ տարածվող խոսակցություններին, թե Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով մարտին ժամանելու է Հայաստան։

«Ես՝ որպես պատգամավոր ու խմբակցության անդամ, այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդմաները նույնպես։ Այցը անհավանական չեմ համարում»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ Զելենսկու այցը գուցե մտածելու տեղիք կարող է տալ, կարող է և չտալ, ի վերջո, Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, և, ինչպես մնացած երկրների ղեկավարները, որոնց դեպքում արգելք չկա, որ ժամանեն Հայաստան, նույնպես էլ նրա դեպքում է։

Հարցին՝ արդյոք նրա այցը խնդիրների կհանգեցնի՞ հայ-ռուսական հարաբերություններում, Թունյանը նկատեց. «Ըստ էության՝ ամեն ինչի մեջ էլ կարելի է գտնել հակառուսական երանգներ, եթե փնտրում եք, օրինակ, Հռոմի ստատուտի, կամ ցանկացած մեր այլ որոշումների հետ կապված»։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքելով տարածվող լուրին՝ նշել էին, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է: