14/10/2026

EU – Armenia

Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը․ վարչապետը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ որևէ պահանջ չեն ունենալու»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև անկլավների մասին՝ նշելով, որ այդ թեման պետք է փոխադարձաբար փակվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո:

«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։ TRIPP նախագծի շրջանակում և ոչ միայն բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում:

«Ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Կարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ հաջորդ և ամենակարևոր հարցը՝ արդյոք կա՞ իրական հնարավորություն՝ խաղաղությանը այսպիսի տեսք տալու։

«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով։