Արարատի ՀՅԴ-ական նախկին մարզպետ, նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, նրա կինը, որդին ու դուստրը կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Նրանք դատախազություն պետք է ներկայանան մարտի 13-ին։ Նրանց ուղղված ծանուցագրերում ասված է՝ «Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը ահռելի կարողության տեր է։ Ժամանակին մամուլը գրել էր, թե ՀՅԴ-ական մարզպետն իր «անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»:
Գրիգորյանը 1987-1988 թթ. աշխատել է նաև Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որակի գծով ճարտարագետ: 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:
2017 թվականին ստանձնելով Արարատի մարզպետի պաշտոնը՝ Գրիգորյանը հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա են հողամաս և տնտեսական այլ շինություններ, երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ հողամաս, այգիներ, հասարակական և արտադրական նշանակության շինություններ:
Գրիգորյանը հայտարարագրել է LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մարդատար երեք ավտոմեքենա և ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա: Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 961 մլն ՀՀ դրամ:
Գրիգորյանի տարեկան եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 77 մլն դրամ, որից 30 մլն-ը՝ երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն՝ այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները:
Նախկին մարզպետին, ի դեպ, կարելի էր տեսնել ընդդիմության հանրահավաքներին։ Նա պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 1-ին, ՀՀ կառավարության որոշմամբ։
Բաց մի թողեք
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Լուսանկար
Ահռելի քանակի զենք-զինամթերք․ Նորագավիթում 61-ամյա տղամարդ է ձերբակալվել