Հին Հռոմում ասում էին․ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Հայաստանում բոլորն են խաղաղություն ուզում, պատերազմ ցանկացող չկա, սակայն հնարավոր պատերազմին չեն պատրաստվում:
Բայց Արցախի վերաբերյալ բանակցությունները ձախողած, 44-օրյա պատերազմում պարտված․ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած, ՀՀ սահմանամերձ տարածքները մարտերով եւ առանց մարտերի հանձնած իշխանությունը երկրի սահմաններին հաստատված տեւական հրադադարը ներկայացնում է որպես հաստատված կայուն խաղաղություն։
Չնայած 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի կնքել, ՀՀ սահմանամերձ տարածքներն օկուպացիայից չի ազատել, մեր աչքի առաջ շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել, Ադրբեջանի ներսում եւ միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչություն է անում եւ ագրեսիվ հռետորաբանությունից էլ չի հրաժարվել։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը հանրությանը խաբի, թե կայուն խաղաղություն է հաստատված։ Հենց խաղաղության անունից են պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել կես տարով՝ այդկերպ կրճատելով բանակի անձնակազմի թիվը եւ դիրքապահների պակաս առաջացրել։ Ադրբեջանն այս տարի ավելացրել է առանց այդ էլ մեծ ռազմական բյուջեն, իսկ Հայաստանի իշխանությունը կրճատել է պաշտպանական ծախսերը։ Մայիսի 28-ի զորահանդեսով իշխանությունը փորձում է հանրությանն ապացուցել, որ մեր բանակն արդիական, հզոր զենքեր է ձեռք բերել, մինչդեռ դրանք իրենց քանակով, տեսականիով բազմիցս են զիջում Ադրբեջանի զինուժի սպառազինություններին։ Եթե Ադրբեջանն առաջիկա տարիներին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր էլ կնքի, ոչ մի երաշխիք չկա, որ այդ երկիրը պատեհ պահի չի խախտելու առանց միջազգային հզոր երաշխավորների ստորագրված փաստաթուղթը։ Վատ է, որ ՀՀ իշխանությունը չեղած խաղաղության քարոզով բթացնում է Հայաստանի բնակչության զգոնությունը, խաղաղասիրական քարոզչություն տարածում եւ նվազեցնում հանրության մարտունակությունն ու պայքարի կամքը։
Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում, գյուղապետարանների շենքերում առկա զինանոցները փակեցին, դրանցում առկա զենքերը տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք։ Հանրակրթական դպրոցներում աստիճանաբար վերացնում են դպրոցականներին ռազմական գործի ուսուցումը, որն իրականացվում էր ժամանակին ռազմագիտության, հետագայում՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միջոցով։ 2026-2027 ուսումնական տարում 5-րդ եւ 10-րդ դասարաններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն մտցվել է «Անվտանգ կենսագործունեություն» առարկան, որը ոչ մի կապ չունի ՆԶՊ-ի հետ։ Սակայն այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում «Անվտանգ կենսագործունեության» փոխարեն այդ դասարաններում ուսուցանվում է «Առողջ ապրելակերպ» առարկան։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան այժմ դասավանդվում է 8-12-րդ դասարաններում։ Դպրոցների զինղեկները կարծում են, որ մի քանի տարի հետո, երբ ներկայիս 5-րդ դասարանցիները հաճախեն 8-րդ դասարան, հանրակրթական դպրոցներում այլեւս «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան չեն դասավանդի։ Այդ մտավախությունները հաստատվում են ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությամբ։
ՀՀ հանրակրթական դպրոցների զինղեկների շրջանում տարածված է մի փաստաթուղթ, որը կոչվում է՝ «Պաշտոնական պարզաբանում ԿԳՄՍ նախարարությունից ՆԶՊ առարկայի գնահատման վերաբերյալ»։ Դրանում նշված է․ ««Ֆիզիկական կրթություն եւ առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառի «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի գնահատման կարգի վերաբերյալ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2010 թ․ ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթության պետական չափորոշչի 55-րդ կետի՝ 1-4-րդ դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում բոլոր առարկաներից, ինչպես նաեւ՝ «Ֆիզիկական կրթություն եւ առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Արվեստ» եւ «Արհեստ» բնագավառների առարկաներից 5-12-րդ դասարաններում միավորային գնահատում չի իրականացվում, իսկ սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2026թ․ հուլիսի 28-ի թիվ 78-Ն հրամանով հաստատվել են «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի 5-11-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնց ներդրման համար սահմանվել է հետեւյալ փուլային ժամանակացույցը․ 1) 2026-2027 ուսումնական տարվանից՝ 5-րդ եւ 10-րդ դասարաններում, 2) 2027-2028 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարաններում, 3) 2028-2029 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարաններում, 4) 2029-2030 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարաններում, 5) 2030-2031 ուսումնական տարվանից՝ 5-11-րդ դասարաններում։ Նույն հրամանի 3-րդ կետի համաձայն՝ մինչեւ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման ավարտը հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվելու է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը։ Հետեւաբար՝ այն դասարաններում, որտեղ դեռեւս դասավանդվում է ՆԶՊ առարկան, գնահատումն իրականացվում է գործող կարգավորումներին համապատասխան՝ 1-10 միավորային սանդղակով»։
Այսինքն, 2030-2031 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում այլեւս չի դասավանդվելու «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան։ Վերջ, տեղ հասանք, Հայաստանը հասել է հավերժական խաղաղության հանգրվանին, հաջորդը կարող է լինել բանակի վերջնական լուծարումը։


Բաց մի թողեք
Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ
Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ
Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանո՞ւմ եք