22/11/2024

Ռուսաստանում Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգ է սկսվել

ՌԴ հասարակական գործիչ, Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտարարել է, որ ինքը ՌԴ գլխավոր դատախազությունից ստացել է իր խնդրանքի վերաբերյալ պատասխանը, որը վերաբերում է երգչուհի Ալլա Պուգաչովային՝ որպես օտարերկրյա գործակալ ճանաչելուն։

Այս գործով Դատախազությունը պետք է դիմի Արդարադատության նախարարությանը՝ համապատասխան ընթացակարգը սկսելու համար։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացա իմ դիմումի պատասխանը։ Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը սկսվել է, դատախազությունը խնդրում է ՌԴ արդարադատության նախարարությանը Պուգաչովային ճանաչել որպես օտարերկրյա գործակալ։ Հուսով եմ, որ կարգավորող մարմինները վերջ կդնեն այս գործին»,- հայտնել է Բորոդինոն։ Սակայն նա իր խոսքերը հաստատող որևէ փաստաթուղթ չի հրապարակել։

Ավելի վաղ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի ելույթները Մոսկվայում պետք է արգելվեն։

Վերջինս ասել էր, թե Պուգաչովան իրեն թույլ է տվել Ռուսաստանի, ռուսական բանակի դեմ ինչ-որ հայտարարություններ անել, որոնք անհետևանք չեն մնա։ Բայց եթե պարզվի, որ նման հայտարարություններ չեն եղել, ուրեմն արգելքի հիմքեր չկան։