09/10/2024

Ադրբեջանը մի կողմից վերածվում է ՆԱՏՕ-ի պլացդարմի, մյուս կողմից Մոսկվայի հետ ․․․

Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան «գագաթնաժողովի» օրով Թուրքիայի նախկին արտգործնախարար Չավուշօղլուն Բաքու այցելեց, որի ընթացքում նա հիշեցրեց Ադրբեջանի անվտանգության երաշխիք՝ «Շուշիի հռչկագրի» կարեւորությունը:

Չավուշօղլուն գլխավորում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակությունը: Սա ինքնին բավական խոսուն իրողություն է: Բայց բրյուսելյան «ռանդեվուի» նախօրեին Իլհամ Ալիեւի հյուրն էր նաեւ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Հալյուկ Գերգյունը:

Ռազմական ոլորտի մասնագետները, որոնց պակաս համենայն դեպս ֆեյսբուքի հայկական տիրույթուն չի զգացվում, կարող են թուրքական ընկերությունների անվանումներից կարծիք կազմել, թե խոսքը փաստացի ինչ հեռանկարի մասին է: Քաղաքական առումով գործ ունենք իրավիճակի հետ, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը պաշտոնապես ոչ բլոկային համարվող Ադրբեջանում ռազմաարդյունաբերական համալիր է ստեղծել եւ ակտուալացնում է այն գերարդիականացնելու առաջնահերթություն:

Թուրքիան, ինչպես ցույց տվեց ԱԹՍ-երի արտադրության հետ կապված Կանադայի հետ նրա վեճը, ռազմական արդյունաբերության սեփական տեխնոլոգիաներ ստանում է Արեւմուտքից: Թուրքիան նրանց հետ ունի՞ պայմանավորվածություն, որ այդ տեխնոլոգիաները կարող է օգտագործել Ադրբեջանում կամ այլ երկրում: Ամենայն հավանականությամբ, գոնե Ադրբեջանի մասով նման համաձայնություն կա: Գրեթե համաժամանակյա, երբ Էրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում էր, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զորախումբը կներգրավվի «ականազերծման աշխատանքներում»:

Ստացվում է, որ Ադրբեջանը մի կողմից վերածվում է ՆԱՏՕ-ի պլացդարմի,- չափազանցություն կլիներ կարծել, թե Թուրքիան Բաքվում բալիստիկ հրթիռների արտադրություն է սկսում, որպեսզի «հակակշռի Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը»-ինչպես ադրբեջանական քարոզչությունն է ներկայացնում, մյուս կողմից Մոսկվայի հետ քննարկում ռուսական զորախմբի ներկայության երկարաձգման հնարավորությունը. ականազերծման աշխատանքները կարելի է շարունակել տարիներով:

Քարոզչությունը, որ «Արեւմուտքը Հարավային Կովկաս է մտնում Հայաստանի բացած դռներով»-երեւի միայն միամիտների համար է: Հայաստանը սուվերեն «դուռ չունի» եւ իր չափերով չի համապատասխանում «հարավակովասյան-կենտրոնաասիական էքսպանսիայի պլացդարմի դերակատարության»: Ինչպես չէր համապատասխանում «Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստի առաքելությանը»: Ի՞նչ «սիներգիա» է կանխածրագրվում, եթե այն ռուս-թուրքական դիմակայության նախապատրաստություն չէ կամ ուղղված չէ Իրանի դեմ, կամ՝ Չինաստանի: Ուկրաինական պատերազմը չէր սկսվի, եթե Միացյալ Նահանգներն ընդուներ Պուտինի առաջարկած «Յալթա-2»՝ աշխարհի նոր, խաղաղ վերաբաժանման, ազդեցության գոտիների սահմանման առաջարկը: Բայց ո՞վ է երաշխավորը, որ պատերազմը չի սկսվել, որպեսզի «Յալթա-2»-ը կայանա՝ որպես միջուկային ապոկալիպսիսից խուսափելու հնարավորություն, երրորդ համաշխարհային պատերազմի միակ այլընտրանք:

Այս համատեքստում ներհայաստանյան դիսկուրսը բացարձակ անախրոնիզմ է, երբ ամեն ինչ բերվում է Ալիեւի անհագուրդ ախորժակի դեմ «նոր Սարադարապատի» քարոզչության կամ «միջազգային լեգիտիմությամբ այն չեզոքացնելու» պաշտոնական դիրքորոշման մակարդակի: Իրականությունը չափազանց բազմաշերտ եւ բարդ է, որպեսզի «Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը» մի սեղանի շուրջ նստեն եւ ածխարհի «նոր քարտեզ գծեն»: Հավանական «ճաշասեղանի կոչնականներ» շատ են լինելու՝ իրենց սատելիտներով: Ադրբեջանը Թուրքիայի «սպասյա՞կն է»: Ռուսաստանի՞, ռուս-թուրքական տանդեմի՞, թե՞՝ Թուրքիա-Միացյալ Նահանգների: Հայաստանի դեմ Ադրբեջանի էքսպանսիան առարկայորեն զսպել հնարավոր է: Գերխնդիր է, թե ի՞նչ կարգավիճակ է մնալու Հայաստանին, երբ ժամանակը հասնի «Յալթա-2»-ին: Իսկ այդ ժամանակը գալու է, եթե արդեն իսկ չի գալիս: