Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերի ցեղասպանության 109-րդ տարելիցի շեմին Հայաստանին կոչ է արել հրաժարվել «անհիմն հիշողություններից», եւ գործել ըստ ռեգիոնում նոր հաստատվող կարգի տրամաբանության, մշակելով Թոււրքիայի հետ հարաբերության կարգավորման ճանապարհային քարտեզ:
Ընդ որում, Էրդողանը նշել է, թե հնարավորությունների պատուհանը չի լինելու անվերջ բաց եւ Հայաստանին կոչ է արել օգտագործել պահը, քանի այն բաց է: Սա ըստ էության շանտաժ է, որովհետեւ առնվազն հարց է առաջանում, թե ի՞նչ է լինելու, եթե «պատուհանը» փակվի. Թուրքիան անցնելու է Հայաստանի հանդեպ ուժայի՞ն քաղաքականության՝ թեկուզ Ադրբեջանի միջոցով: Էրդողանի հայտարարությունը ըստ էության օրգանական շարունակությունն է այն հայտարարության, որ արեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ, առաջացնելով հանրային բուռն արձագանք:
Խոսքը ցեղասպանության զոհերի 1,5 միլիոն թիվը կասկածի տակ դնելու մասին է, որն ուղիղ չասվեց, բայց հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի նպատակ՝ անուն առ անուն կազմել զոհերի ցանկը, որ ունենանք «իրական» հիմքեր:
Փաստացի ստացվում է, որ այսօր եղածը «իրական» չէ: Եվ ահա, անմիջապես հաջորդում է Էրդողանի ձեւակերպումը՝ հրաժարվել «անհիմն հիշողություններից»: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը փաստորեն կոչ է անում Երեւանին ներկայացնել հաջորդական կոնկրետ քայլեր՝ «ճանապարհային քարտեզ», թե ինչպես է լուծվելու հարցը ավելի «հիմնարար» ձեւով:
Արդյո՞ք «քարտեզի» մասին կխոսի Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 24-ի առիթով ուղերձում, որը ըստ էության կստացվի պատասխան Էրդողանին: Դրանում կհնչի՞ օրինակ պատմությունը համատեղ քննելու առաջարկ, որ առնվազն տրամաբանորեն բխում է այն հայտարարությունից, որ արել էր Քոչարյանը օրեր առաջ, առնվազն այն պարզ պատճառով, որ ցեղասպանությանն առնչվող արխիվային նյութերի ահհռելի մասը Թուրքիայի տրամադրության տակ է:
«Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու», ապրիլի 24-ին հայերի ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձում ասում է Հայաստաննի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուղերձը ըստ էության որեւէ ուղղակի անդրադարձ չէր պարունակում մտքերին, որ նախօրեին իր հայտարարություններում շոշափել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, առաջարկելով Փաշինյանին հրաժարվել «անհիմն հիշողություններից» եւ ճանապարհային քարտեզ մշակել Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելու համար: Միեւնույն ժամանակ սակայն, Փաշինյանի ուղերձի տողատակն ըստ էության այն մասին է, որ ցեղասպանության պատճառը եղել է այն, որ հայերը Թուրքիայի հետ «հարաբերվել» են «այլոց սին խոստումներով», հարաբերության սեփական համակարգը կառուցելու կարողության եւ ջանքի փոխարեն, ինչի հետեւանքով էլ «դարձել են սին խոստումների զոհ»:
Անշուշտ, այստեղ կա ճշմարտություն, բայց արդյոք այդ հանգամանքը բացատրում եւ բացահայտում է ամբողջ ճշմարտությունը, եւ տալիս ներկայիս իրողություններում հարցերի լուծման ճանապարհը գտնելու, նոր ցեղասպանության ռիսկից խուսափելու, եւ ընդհանրապես ագրեսիայի ռիսկից խուսափելու ճանապարհը:
Այս հարցը մեղմ ասած բաց է, եւ իր ուղերձում իրավացիորեն ձեւակերպելով հարցը, Նիկոլ Փաշինյանը իր արդեն վեցամյա պաշտոնավարման ընթացքում, դրա թե այսպես ասած նախապատերազմական, թե հետպատերազմական փուլերում որեւէ կերպ գործնականում չի նպաստել դրա պատասխանների փնտրտուքի անհրաժեշտ միջավայր ձեւավորելուն, առավել եւս պատասխանի արդյունավետության նախադրյալներ ձեւավորելուն՝ ինքնիշխան պատասխանի, ոչ թե խոսքով, այլ գործնական կարողությունների պաշարով, խորքային մտածողությամբ եւ փիլիսոփայությամբ ինքնիշխանության պատասխանի նախադրյալներ: Առանդ դրա, ինքնիշխանության ձեւակերպումների ներքո ընդամենը կա շատ ավելի պարզ մի խնդիր ու հարցադրում՝ հարմարվելու կարողություն, հին իրողությունների փոխարեն նորին հարմարվելու կարողություն: Կարո՞ղ է հարմարվելը ապահովագրել ռիսկերից:
Բաց մի թողեք
Կարդարանա՞ այդ ակնկալիքը, և ինչպիսի՞ն կլինի իրավիճակը մեր տարածաշրջանում
Երևանը փորձում է հարցը պահել «ննջած» վիճակում, «չարթնացնել» …
Փաշինյանը իրավիճակը գնահատել է լուրջ. ադրբեջանցիները կգան, հայերը՝ չեն գնա