08/09/2024

ԱՄՆ բամփում է Ադրբեջանի գլխին ու քարտ բլանշ տալիս Հայաստանին, արդյոք կհասկանանք ու ճիշտ կօգտագործենք պահը

«Մենք հայտարարել ենք, որ անկախ հետաքննություն ենք անցկացնելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև դրանից հետո տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք հիմա զբաղված ենք սրանով:

Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն», Երեւանում Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, խոսելով Արցախի էթնիկ զտման եւ բռնի տեղահանության մասին:

ԱՄՆ հայտարարում է, որ դեռ չունի գնահատական: ՄԻ կողմից չեն ասում, որ եղել է էթնիկ զտում, մյուս կողմից «չեն փակում» դուռը դա ասելու համար: Նախ հետաքրքիր է, թե ի՞նչ միջազգային կազմակերպությունների մասին է խոսում Ջեյմս Օ Բրայանը, որո՞նք են, որ մուտք ունեն էթնիկ զտման ենթարկված Արցախ, ի՞նչ են անում այդ մուտքի ընթացքում, դեռ քանի՞ ամիս պետք է ունենան այդ մուտքն ու ելքը՝ եթե իհարկե ունեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի գալ եզրակացության՝ էթնիկ զտում եղել է, թե՞ ոչ:

Կազմակերպությունները, որոնք մուտք ունեն, ինչու՞ չեն աղաղակում, բարձրաձայնում Արցախում այժմ էլ շարունակվող մշակութային ժառանգության «էթնիկ զտման» մասին, երբ Ադրբեջանը պաշտոնական վանդալիզմով է զբաղված հայկական մշակույթի հուշարձանների հանդեպ՝ թե հին, թե նոր, շիրիմների հանդեպ, եւ այլն:

Այդպիսով, հետաքննությանն արվող հղումը ԱՄՆ համար ընդամենը հայ հանրության գլխի տակ փափուկ բարձի՞ նպատակ ունի, թե՞ Իլհամ Ալիեւի գլխին կախված Դամոկլեսյան սրի: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը:

«Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել», Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, խոսելով Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով առեւտրային երթուղի կառուցելու մասին, որն այլ կերպ կիրառվում է Միջին միջանցք ձեւակերպումով:

Ի դեպ, նույն Ջեյմս Օ Բրայանը նախորդ տարի հայտարարել էր, որ Միջին միջանցքի կառուցումը ԱՄՆ համար առաջնահերթություն է, բայց Վաշինգտոնը դեմ է դա ռազմական ճանապարհով անելուն: Այդուհանդերձ, ինչպես է Վաշինգտոնը պատկերացնում այդ առեւտրային երթուղու դիվանագիտական-քաղաքական ճանապարհով կառուցումը: Սա է հարցը, նկատի ունենալով այդ թեմայի այլ շահառուների մոտեցումների իրարամերժությունը:

Գործնականում, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ազդարարել է Նահանգների առաջնահերթությունը եւս մեկ անգամ, բավականին բաց ու պարզ տեքստով նշելով, որ ԱՄՆ ներկայիս շրջափուլը դիտարկում է ըստ էության հեղափոխական տրամաբանությամբ՝ «երեկ շուտ էր, վաղը կլինի ուշ». Օբրայանը ասում է, որ երեկ հնարավոր չէր կառուցել այդ առեւտրային երթուղին, իսկ վաղը այն կարող է այլեւս կարեւոր չլինել:

Նա թերեւս նկատի ունի այն, որ վաղը կարող է փոխվել ուժերի հարաբերակցությունը եւ Ռուսաստանն ու Իրանը Չինաստանի հետ գործակցված կարող են առավել դիմադրունակ լինել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Ի դեպ, այդ իմաստով հասկանալի է, որ իր առաջնահերթությունները սպասարկելու ճանապարհին Վաշինգտոնը գլխավոր գործընկեր է դիտարկում Անկկարային:

Դա հուշում է պարզ դասավորությունը, այլ կերպ ասած՝ քարտեզը: Հուլիսի 4-5-ին Կենտրոնական Ասիայում սպասվում է Պուտին-Էրդողան հանդիպում, որտեղ ըստ ամենայնի Էրդողանի առաջ կդրվի հարց, թե որտե՞ղ է Թուրքիան, ու՞մ հետ է խաղում ռեգիոնում: