Շվեյցարիայում տեղի ունեցած խաղաղության կոնֆերանսի ընթացքում, որ նվիրված էր ուկրաինական պատերազմին, Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Բորելը միտք է արտահայտել, որ ագրեսորը չի կարող թելադրել հրադադարի պայման:
Նա այդպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը, որ վերաբերել է հրադադարին եւ նախորդել էր շվեյցարական կոնֆերանսին: Բորելը միանգամայն իրավացի է՝ ագրեսորը չի կարող հրադադարի պայման թելադրել: Ամբողջ հարցն այն է, որ նույն Բորելը չգիտես ինչու որեւէ կերպ դեմ չէ, որ այդ պայմանը թելադրի մեկ այլ ագրեսոր՝ Իլհամ Ալիեւը:
Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմին, ուկրաինական կոնֆլիկտին, Բորելի ու եվրաչինովնիկների տրամաբանությունն աշխատում է բավականին առողջ: Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի, արցախյան հակամարտությանը, հարյուր հազարավոր մարդկանց էթնիկ զտմանն ու բռնի տեղահանմանը, այդ պարագայում արդեն եվրաչինովնիկների, այդ թվում առաջիկայում իր պաշտոնը թողնել պատրաստվող Բորելի պարագայում տրամաբանությունը սկսում է կաղալ եւ Հայաստանին ու Ադրբեջանին անում են երկխոսության, միմյանց հետ խոսելու ու պայմանավորվելու կոչեր, այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ պակաս ագրեսո է, քան Ռուսաստանը:
Ավելին, եթե դիտարկենք օրինակ Պուտինի ու Ալիեւի հռետորաբանությունները, ապա նույնիսկ բավականին դժվար է ասել, թե նրանցից ում հռետորաբանությունն է հարեւանի հանդեպ առավել ռազմատենչ ու ագրեսիվ: Խոսել այն մասին, թե Պուտինը հարձակվել է այլ պետության վրա, իսկ Ադրբեջանը «ազտագրել» է իր տարածքները, կլինի երեսպաշտություն: Ուժի կիրառման բացառումը կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը վերաբերում է ոչ միայն մեկ պետության հարաբերությանը մեկ այլ պետության հանդեպ, այլ վերաբերում է նաեւ տարբեր հակամարտություններին, որոնց խաղաղ կարգավորումը պարզապես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է:
Հակառակ պարագայում, օրինակ անհեթեթ են նոույն եվրաչինովնիկների պահանջները տարբեր երկրներում ներքին իրավիճակով պայմանավորված կոնֆլիկտների պարագայում: Օրինակ, Իլհամ Ալիեւը ի՞նչն է պակաս արել, քան Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը, որ Ասադը միջազգային «իզգոյ» է, իսկ Ալիեւը՝ միջազգային վստահելի գործընկեր: Տարբերությունն այն է, որ Ասադը չունի նավթ ու գազ, չունի այնքան փող, որքան Ալիեւ՞ը, որի պարագայում բավարար չէ այդ երկակի ստանդարտով վերաբերմունքը, դեռ մի բան էլ Ադրբեջանը դիտվում է դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման այսպես ասած քողարկիչ, որպեսզի «թղթերով ամեն ինչ կարգին լինի»՝ Պուտինից գազ չեն գնում, բայց գործնականում ոչ ոք չմնա դժգոհ:
Բաց մի թողեք
Ադրբեջանի նկատմամբ ԱՄԷ-ի հետաքրքրությունը, Իրանը կկորցնի Ապշերոնի «միջնաբերդը»
Ադրբեջանի ջրային սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա ծավալվող «դրաման»
Ի՞նչ հաշվարկով է «Վրացական երազանքը» Եվրամիության հետ կապերը խզելու կամ առնվազն չորս տարով սառեցնելու որոշում կայացրել