Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օ՛Բարայանի Բաքու այցին ընդառաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը մեկնել է Թբիլիսի: Ինչպես հասկացվում է մամուլի համար նրա հայտարարությունից, վրացի գործընկերոջ հետ բանակցություններում կարեւոր տեղ է հատկացվել հայ-ադրբեջանական կարգավորմանը:
Ի՞նչ անհրաժեշտությամբ է Բայրամովը վրացի պաշտոնակցին ներկայացրել գործընթացը՝ պարզ չէ. Վրաստանի միջնորդության մասին խոսակցությունները մնացել են անցյալում, Թբիլիսին նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների եւ միայն դրանից հետո պարզ կլինի՝ 3+3 ձեւաչափին կմիանա՞, թե՞ կշարունակի մնալ իր տեսակետին:
Նույն օրը Բաքվի քաղաքային նավահանգստում Ադրբեջանի Ռազմա-ծովային ուժերի հրամանատարությունը կազմակերպել է ՌԴ ՌԾՈՒ Կասպից տորմիղի «Վոլգադոնսկ» փոքր հրետանային եւ «Անատոլի Գուժվին» ռազմական հիդրոգրաֆիկ նավերի հանդիսավոր ընդունելություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «բարեկամական այցը կտեւի մինչեւ հունիսի 30-ը»: Այդ ընթացքում ռուսաստանցի ծովայինների համար նախատեսված է շրջագայություն Բաքվում, կկազմակերպվեն մարզական ընկերական մրցություններ:
Ադրբեջանի փորձագիտական հանրությունը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Բաքվի ծովախորշի պաշտպանությանը: Թեման ավելի հրատապ դարձավ, երբ Ռուսաստանը Կասպից նավատորմիղի ռազմահանգրվանն Աստրախանից տեղափոխեց հարավ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաք: Ռուսաստանի ռազմանավերի Բաքվի ծովախորշ մուտքը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Ադրբեջանի նույնիսկ իշխանական շրջանակները չեն թաքցնում անհանգստությունը, որ Մոսկվան կարող է Ադրբեջանին եվրասիական անվտանգային համակարգին մասնակցություն պարտադրել:
Խնդիրը չափազանց զգայուն է: «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական Ակտով Ադրբեջանը Ռուսաստանին ճանաչում է օկուպանտ: Ֆորմալ առումով, իհարկե, խոսքը բոլշեւիկյան Ռուսաստանի մասին է, բայց դրանից ըստ էության ոչինչ չի փոխվում: Ադրբեջանական ընդդիմությունը, հանրությունն առհասարակ Մոսկվայի հետ հարաբերությունները հանդուրժում էր բացառապես ԼՂ խնդրի կարգավորման սպասելիքներով: Քառասունչորսօրյա պատերազմից հետո այդ զսպվածությունը տեղը զիջել է անհանդուրժողականությանը:
Ամենեւին էլ բացառված չէ, որ իշխանությունը շահագրգռված է հակառուսական քարոզչությամբ, բայց ԱՄՆ փոխպետքարտուղարի այցելության օրով ռուսաստանյան երկու ռազմանավերի Բաքվի ծովախորշ «բարեկամական» մուտքը, հավանաբար, Մոսկվայի կազմակերպած դիվանագիտական «հրետանային նախապատրստություն» է: Օ՛Բրայանը Բաքու է մեկնում հստակ նպատակադրվածությամբ՝ Ադրբեջանը պետք է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի:
Եթե դա տեղի ունենա, ապա Կովկասում պատերազմի եւ խաղաղության կառավարումն անցնում է Միացյալ Նահանգների «պարտավորության» տիրույթ, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Բաքվում «պատուհան է բացում» դեպի Կենտրոնական Ասիա, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը թոթափելու միտումներն ավելի քան ակնհայտ են:
Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարարը խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է անվանել Հայաստանի սահմանադրությունը: Բնականաբար, Օ՛Բրայանի հետ բանակցություններում նույնը կրկնելու է Ալիեւը՝ հավելելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը: Բաքվում, սակայն, հասկանում են, որ այդ խնդիրները տեսանելի ապագայում չեն կարգավորվելու, իսկ ԱՄՆ-ը հետամուտ է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրն ստորագրվի COP 29-ից առաջ:
Բայդենի վարչակազմի համար դա նաեւ նախագահական մրցապայքարի կռվան է: Բաքվի ծովախորշ ռուսաստանյան երկու ռազմանավերի մուտքն ի՞նչ ազդեցություն կունենա Օ՛Բրայան-Ալիեւ բանակցություններին:
Բաց մի թողեք
Ինչ է զառանցել Լավրովը, ինչ է ձայնակցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը կողմ է մահապատժին
Ընդդիմությունը չի կողմնորոշվում՝ ո՞վ է իրենց պայքարի «պռավալի» պատճառը