10/11/2024

Պուտինը թույլ կտա Ալիևին՝ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Արցախը հիշեցնելու պահը

Աստանայում տեղի կունենա Պուտին-Ալիեւ հանդիպում, որը Երեւանից ուշադրության է արժանի մի շարք պատճառներով: Դրանց որոշակի մասին արդեն իսկ անդրադարձել եմ: Կարեւորներից է թերեւս նաեւ այն, որ Աստանայում այդ հանդիպումը տեղիի է ունենում այսպես ասած՝ Ալմա Աթիի եւ Վաշինգտոնի միջեւ:

ԱՄՆ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Վաշինգտոն՝ ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք հարակից միջոցառումներին մասնակցելու նպատակով, հույս հայտնելով, որ հնարավոր կլինի նաեւ նախարարների հանդիպում:

Այդ հրավերը Նահանգները փաստացի «ուղեկցել» է վերջին շաբաթներին Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ ակտիվ դիվանագիտությամբ, ինչպես նաեւ հայտարարություններով, որ կա խաղաղության բացառիկ, պատմական պահ, որը պետք է օգտագործել:

Նահանգները նաեւ բավականին բաց տեքստով ասել է, թե իրեն ինչի՞ համար է կարեւոր հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի: Ըստ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որը վերջին երկու-երեք շաբաթներին եղել է թե Երեւանում, թե Բաքվում, խաղաղության պայմանագիրը կարեւոր է Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով առեւտրային միջանցք կառուցելու, եւ այդ կերպ Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը նվազեցնելու, նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների տեղափոխման հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի ճանապարհները շրջանցելու համար:

Սա նշանակում է, որ Ալիեւի հետ Աստանայի հանդիպմանը ՌԴ նախագահն ըստ երեւույթին նպատակներից մեկը դիտարկելու է Ադրբեջանին հետ պահել որեւէ հնարավոր համաձայնությունից, այդ կերպ թույլ չտալով օգտագործել այն հնարավորությունը, ինչի մասին հայտարարում է Նահանգները: Իհարկե, այդ հնարավորության մանրամասներն էլ հայտնի չեն, ինչը թույլ կտա առավել ստույգ գնահատել, թե ինչ բացառիկ հնարավորության կամ պահի մասին է խոսքը եւ ինչ բովանդակություն է այն ենթադրում:

Բայց նաեւ կասկածից վեր է, որ Պուտին-Ալիեւ հանդիպմանը ՌԴ նախագահի նպատակներից մեկն է լինելու առնվազն կանխարգելել Վաշինգտոնում հնարավոր այնպիսի զարգացում, որը կարող է ենթադրել իրավիճակի էական փոփոխություն: Այստեղ հատկանշական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը եղել է մայիսի 10-11-ին Ալմա Աթիում, Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ: Մոսկվան ողջունել է այդ հանդիպումը: Ի դեպ, ողջունել էր նաեւ Փարիզը:

Ալմա Աթին փաստորեն «կտրեց» գերմանական գործընթացը, համենայն դեպս ժամանակագրորեն: Դրանից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաղորդակցվել էին Բեռլինում՝ Գերմանիայի նախաձեռնությամբ: Ի դեպ, դրանից հետո փաստորեն եղավ ապրիլի 19-ին համատեղ պայմանավորվածությունը՝ Տավուշի սահմանի առնչությամբ:

Հետո հանդիպում Ալմա Աթիում: Թե ինչ արդյունք է տվել այնտեղ երկօրյա հանդիպումը, պարզ չէ: Իսկ վաշինգտոնյան հրավերը հանդիպումների աշպարհագրությունից զատ, արդյո՞ք կենթադրի բովանդակության փոփոխություն: