15/10/2024

Ռուս – թուրքական դաշինքը չի ձևավորվում, հույսը մնում է Իրանը․ Իսկ եթե նոր նախագահն այլ ընտրություն կատարի՞

Աստանայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը տեւել է մեկ ժամ ութ րոպե, տեղեկացնում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը:

Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունավետությանը, ապա Թուրքիայի նախագահը բավարարվել է մեկ բառով՝ «լավ», – իսկ արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից:

Երրորդ գնահատականը հնչեցրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը. «Ուկրաինական հարցում Էրդողանը միջնորդ չէ»:

Պեսկովի գնահատականը կարելի է հասկանալ երկու իմաստով. Թուրքիայի քաշային կարգն արդյունավետ միջնորդություն իրականացնելու համար բավարար չէ կամ Կրեմլը Անկարային դիտարկում է որպես հակամարտության կողմ: Ըստ տեղեկությունների, Էրդողանի ուկրաինական քեյսում առանձնանում է մի գաղափար՝ հրադադարի հաստատում եւ հինգ տարի հետո վիճելի տարածքներում հանրաքվեի անցկացում:

Պեսկովի կոշտ ձեւակերպումից հասկացվում է, որ Ռուսաստանի համար Ղրիմի, Դոնբասի, Խարկովի եւ Զապորոժիե պատկանելիության հարցով հանրաքվեի անցկացումն անընդունելի է, Պուտինի հունիսի 14-ի վերջնագիրը մնում է ուժի մեջ՝ փաստացի ռուսական վերահսկողության ներքով գտնվող տարածքներն այլեւս Ռուսաստան են: Աստանայում Պուտին-Էրդողան բանակցություններին նախորդել է Հունգարիայի վարչապետ Օրբանի Կիեւ այցը, որտեղ նրան քաղաքավարի լսել են, ապա շարադրել կարգավորման իրենց պատկերացումը:

Պուտինը հերթական անգամ խոստացել է, որ կայցելի Թուրքիա: Էրդողանը նրան ամենամոտ ապագայում Անկարայում տեսնելու ցանկություն է արտահայտել: Միջակայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է, որ Թուրքիայի նախագահի համար կրկնակի կարեւորություն է ստանում. նա պատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմագործողություն սկսել: Երեւում է, այդ հարցում նա Պուտինից աջակցություն չի ստացել: Ադրբեջանցի փորձագետը ձեւակերպում է, որ Պուտինը դեմ է Գազայում Իսրայելի պատերազմին, բայց կոորդինացիան ավելի շատ Իրանի, քան Թուրքիայի հետ է:

Պուտինի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը եռակողմ՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան, հանդիպում է կազմակերպել: Այս համատեքստում Սի Ծինփին-Ալիեւ բանակցությունները խորքային իմաստով նաեւ անվտանգության բաղադրիչ են դրսեւորում. Պակիստանը եւ Չինաստանը ռազմա-տեխնոլոգիական սերտ համագործակցություն ունեն, իսկ բոլորովին վերջերս Չինաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակություն է այցելել Բաքու:

Արեւմտյան մամուլն Աստանայի գագաթաժողովը դիտարկել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ: Հնդկաստանը ՇՀԿ անդամ չէ: Եւ եթե Նյու-Դելին Աստանա է գործուղել արտգործնախարարին, ուրեմն քննարկումներն իրականում շատ ավելի կարեւորություն ունեն, քան ներկայացվում են: ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը հայացքով՝ Աստանայում եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ռուսաստանին լիովին մեկուսացնելու Արեւմուտքի փորձերը ձախողվել են:

Ֆորմալ առումով, կարծես, այդպես է, բայց Աստանայի քննարկումներում ոչ թե Պուտինն է առաջին ջութակ, այլ՝ Սի Ծինփինը, որ հաճելին համատեղել է օգտակարի հետ՝ պետական այց կատարելով Ղազախստան եւ Տաջիկստան: Մոսկվան ի՞նչ երաշխիք ունի, որ Չինաստանը ոչ թե իր ազգային-աշխարհաքաղաքական շահն է իրացնում, այլ՝ զսպում է Հարավային Կովկասում Կենտրոնական Ասիայում հաստատվելու Արեւմուտքի հավակնությունները:

Մեկ սկզբունքային սխալ Մոսկվան թույլ է տվել՝ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի հետ «բարդ օպերացիա» իրականացնելով: Երեւում է, Պուտինը փորձում է պահել Սիրիան, բայց ռեսուրսները կհերիքե՞ն: Ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիր կստորագրվի՞: Իսկ եթե Իրանի նոր նախագահն այլ ընտրություն կատարի՞: