15/10/2024

Փողերի լվացման, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Աղվան Հովսեփյանը, որդիները ու նրանցից մեկին պատկանող «Օմիռա» ՍՊԸ-ն հրավիրվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հերթական գործով ծանուցագրեր է ուղարկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, քրեական հետապնդման ենթարկվող Աղվան Հովսեփյանին, նրա որդիներին՝ Նարեկ, Միսակ և Արմեն Հովսեփյաններին, ինչպես նաև սույն գործով մի քանի շահագրգիռ անձի՝ Աստղիկ Գևորգի Հովսեփյանին, Էդգար Ռաֆայելի Նազարյանին, Մարինա Գարեգինի Նուշիկյանին, Նառա Սուրիկի Շահբազյանին, Նորա Էմինի Բարսեղյանին, ինչպես նաև Պրահայում գրանցված «Օմիռա» ՍՊԸ-ին։ Հիշյալ ՍՊԸ-ն Հվսեփյանի միջնեկ որդի Միսակ Հովսեփյանին է պատկանում, այն հիմնադրվել է 2010-ին։

«Հետք»-ը ժամանակին գրելէր, որ «Օմիռա» ՍՊԸ-ի գործունեությունը ներառում է անշարժ գույքի վարձակալությունը, առևտուրն ու ծառայությունների մատուցումը: Միսակը 200.000 կրոն (4,5 մլն դրամ) կապիտալով ընկերության միակ սեփականատերն է, իսկ 2013-ից՝ նաև տնօրենը (2010-2013 թթ. ՍՊԸ-ն ղեկավարել է Չեխիայի քաղաքացի Դավիդ Բուխալը):

Ըստ դատախազության ծանուցագրերի՝ հիշյալ անձինք պետք է դատախազություն ներկայանան հուլիսի 25-ին, նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ։

Ըստ մեղադրանքի, որով դատական պրոցեսն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում, Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: