Նախորդ գրառումներիցս մեկը՝ «Մերժիր Սերժին»–ի մասին, բորբոքել է մասնակի «կրքեր»։
Մինչդեռ, բոլորովին չկա բորբոքվելու կարիք՝ մասնակի, թե ամբողջական, հարգարժան ընկերներ եւ հետեւորդներ։
Այդ թեման իմ ուշադրության կենտրոնում է եղել ոչ միայն հենց 2018–ին եւ դրանից անմիջապես հետո, այլ նաեւ դրանից առաջ՝ տարիներ առաջ։ Խոսքս Հայաստանի կառավարող համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաների մասին է, որոնց իմ հոդվածներում եւ մեկնաբանություններում անդրադարձել եմ 2018–ից տարիներ առաջ։
Եվ, երբ ես օրինակ 2017–ին գրում էի, ասում էի, թե խիստ թերահավատ եմ, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է նախագահից հետո մնալ վարչպետ, շատերը այդ գնահատականներիս վերաբերում էին քմծիծաղով, կամ՝ ժպիտով։ Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետ առաջադրվելու որոշման մասին, ինձ ասում էին՝ «իսկ դու ասում էիր, թե չի ուզում լինել վարչապետ»։
Իսկ ես, այո, ասում էի։ Եվ օրինակ ասել եմ դա 2018–ի փետրվարին, Կենտրոն հեռուստաընկերության Հայկական Ուրբաթ թոք–շոուի եթերում Վարողի հարցին, թե՝ ի վերջո կառաջադրվի՞ Սերժ Սարգսյանը, թե” ոչ, որովհետեւ արդեն մոտ էր նրա վերջնական որոշման ազդարարումը, ես պատասխանեցի՝ կառաջադրվի, թե ոչ չգիտեմ, բայց ես դիտարկել եմ այն մարտահրավերները, որոնց առաջ է Հայաստանը, եւ իմ գնահատականն այն է, որ անգամ վարչապետ լինելու դեպքում Սերժ Սարգսյանը կպաշտոնավարի շատ կարճ ժամանակահատված։
Ես բացարձակ հեռու եմ այդ պատասխանս որպես 2018–ի ապրիլի մարգարեություն ներկայացնելու հավակնությունից, պարզապես հիշեցնում եմ այն գնահատականս, որ ձեւավորվել էր հենց ներիշխանական համակարգում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի դիտարկումների արդյունքում։ Որովհետեւ, ես իհարկե ամենեւին չէի պատկերացնում, որ պաշտոնավարումը կավարտվի նշանակվելուց մեկ շաբաթ անց, ու այդպես։
Այս ամենը սակայն այն մասին էլ չէ, թե՝ «Սերժը բերեց Նիկոլին»։ Սա կարծում եմ շատ պարզունակ գնահատական է, պարզունակ գնահատական՝ տարիներով հասունացած՝ մի շատ բարդ ընթացքի։
Այս թեմայի մասին վերջին երկու–երեք տարիներին ես ավելի հաճախ խոսել եմ տելեգրամյան ձեւաչափով, եւ այսօրվա ընթացքում էլ թերեւս կփորձեմ անել անդրադարձ թեմային, օգտվելով առիթից։
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի
Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում
Ռուսաստանը եւ մենք