20/02/2025

Թուրքիան Հարավային Կովկասի «պահնորդությա՞ն» է ձգտելու

Թուրքիայի նախագահ Էրդողանը սպասում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ներողություն կխնդրի« գրում է «Հյուրիեթ» և մանրամասնում, որ Թուրքիայի խորհրդարանը նրան հրավիրել էր ելույթ ունենալու նույն օրը, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պետք է հանդես գար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, սակայն պաղեստինյան կողմը «հստակ պատասխան չի տվել»:

Ինչ շարժառիթներ էլ որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդն ունեցած լինի, իրողությունը չափազանց ցցուն է. Էրդողանը հանդես է գալիս որպես Պաղեստինի պետականության, նրա ժողովրդի հովանավոր, իսկ քաղաքական «ներկայացումը» չի կայանում: Եվ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ տեղեկություն է տարածվում, որ Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է տարել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և «միջանկյալ կարգավորման» ծրագիր:

Նաթանյահուն առաջարկում է իսրայելցի պատանդների վերադարձ, հրադադարի հաստատում, Գազայից իսրայելական զինված ուժերի փուլ առ փուլ դուրսբերում, միջազգային ներկայություն, բայց պայմանով, որ պաղեստինյան անկլավի և Եգիպոսի սահմանին վերահսկողություն իրականացնեն Իսրայելի անվտանգության ուժերը:

Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ այդ նախագծի շուրջ բանակցություններին կներգրավվեն Քաթարի վարչապետը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության, իսրայելական «Մոսադի» տնօրենները և Եգիպտոսի ռազմական հետախուզության պետը:

Իսրայել-պաղեստինյան կարգավորման բանակցություններից Թուրքիան դուրս է մնում և, հավանաբար, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը տարածաշրջանի երկրներին և Արևմուտքին հղած ազդակ է, որ առանց Անկարայի մասնակցության Մերձավոր Արևելքում կայուն և երկարատև կարգավորում հասնել հնարավոր չէ: Դամասկոսի մերձիշխանական շրջանակներից, սակայն, հայտնի է դարձել, որ Ասադը համաձայն է հանդիպել Էրդողանին, եթե թուրքական զորքերը սկսեն հեռանալ Սիրիայի տարածքից:

Ուշադրության է արժանի նաև այն, որ Գազայի հատվածում պատերազմի բռնկումից ի վեր առնվազն երկու անգամ անոնսավորվել է Պաղեստինի ինքնավարության առաջնորդի Մոսկվա այցը, բայց այն այդպես էլ չի կայացել: Արդյոք Ռուսաստանը ոչինչ չունի՞ առաջարկելու, թե՞ Մահմուդ Աբասը ձեռնպահ է մնում Վլադիմիր Պուտինի հետ շփումից՝ ենթադրություն անել բարդ է:

Բաց է մնում Իրանի պարագան: Գազայի պատերազմի ընթացքում Պաղեստինի ինքնավարության առաջնորդի հետ Թեհրանը պաշտոնական-հրապարակային երկխոսություն չի ունեցել: Այս առումով հնարավոր է, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը Պաղեստինի հարցում ընդհանուր մոտեցում որդեգրեն, բայց դա կարծես չի հաջողվում Սիրիայի հարցում:

Խնդիրն ուշադրության արժանի է այնքանով, որ Թեհրանը հայտարարել է Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական կարգավորման 3+3 ձևաչափով նախարարական հանդիպում կազմակերպելու մասին: Եթե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Մերձավոր Արևելքի արմատական կարգավորման հարցում միասնական պլատֆորմ չունեն կամ չեն կարողանում համաձայնեցնել, ապա խիստ կասկածելի է, եթե չասվի անհավանական, որ նրանք Հարավային Կովկասի ստատուս-քվոյի վերաբերյալ կարող են ընդհանուր հայտարարի գալ:

Էրդոաղանի քաղաքական բնույթին տեղյակ աղբյուրները վկայում են, որ նա մի ուղղությամբ դիվանագիտական անհաջողությունը փորձում է փոխհատուցել այլ տեղ հաջողությամբ: Պաղեստինի հովանավորի կարգավիճակ նա, ամենայն հավանականությամբ, չի ստանա: Փոխարենը Թուրքիան Հարավային Կովկասի «պահնորդությա՞ն» է ձգտելու: