13/12/2024

Մոսկվան եւ Բաքուն Թեհրանին ներշնչում են, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է Իրանի դեմ

IRNA-ն հայտնում է, որ նախագահ Փեզեշքիանի երմնակալությանը կմասնակցի օտարերկրյա ութսուն պատվիրակություն, այդ թվում՝ պետությունների երկու նախագահ, չորս վարչապետ, խորհրդարանի նախագահներ եւ փոխխոսնակներ, նախարարներ:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մոսկվան կներկայացնի պետական դումայի խոսնակ Վոլոդինը, Պակիստանը եւ Իրաքը կմասնակցեն վարչապետի մակարդակով: Թեհրան կմեկնի Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով փոխհանձնակատարը:

Ռուսաստանյան մամուլը շեշտում է, որ Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի կողմից պաշտոնում հաստատվելուց հետո Թեզեշքիանը Tehran Times թերթում հեղինակային հոդված է հրապարակել եւ կրկնել նախընտրական գլխավոր թեզը՝ Իրանը պատրաստ է աշխարհին բաց երկիր լինել:

Բաքվի փորձագետները, սակայն, սեփական աղբյուրներին հղելով՝ պնդում են, որ Խամենեին Փեզեշքիանին «հանձնարարել է արտաքին քաղաքական հարցերում կենտրոնանալ հարևան, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների խորացման վրա»:

Ըստ այդմ, Փեզեշքիանին «չի հաջողվել համաձայնեցնել ԱԳ նախարարի պաշտոնում Զարիֆի նշանակումը»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը գտնում է, որ միջուկային ծրագրի բանակցություններում Զարիֆը «որոշ դեպքերում անտեսել է Իրանի ազգային շահերը»:

Պահպանողականները գտնում են, որ այդ հարցն այլևս ակտուալ չէ: Նրանք հաշվի են առնում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության բարձր հավանականությունը: 2018թ. Թրամփը որոշել է չմասնակցել Իրանի միջուկային ծրագրով բանակցություններին:

Թեհրան է մեկնում նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը՝ շարժման քաղաքական առաջնորդ Հանիայի գլխավորությամբ, բայց տեղեկատվությունից պարզ չէ՝ նա մասնակցելու է Փեզեշքիայի երդմնակալության արարողությանը, թե Իրանի նախագահի հետ առանձին հանդիպում է ունենալու: ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումից է կախված, թե ի՞նչ հաջողություն կունենան Գազայում հրադադարի հաստատման բանակցությունները: Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Լիբանանի կառավարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների հրթիռակոծումը:

Այս համատեքստում բացառիկ նշանակություն է ստանում Ֆրանսիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը: Ըստ տարածված հաղորդագրության՝ Փեզեշքիանը զգուշացրել է, որ Լիբանանի դեմ պատերազմ սկսելու դեպքում Իսրայելը կհայտնվի ավելի բարդ դրության մեջ: Ֆրանսիայի նախագահը Փեզեշքիանին շնորհավորել է նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Իրանի եւ եվրոպական երկրների, այդ թվում՝ իրանա-ֆրանսիական հարաբերությունները կբարելավվեն:

Ֆրանսիայի նախագահն, այսպիսով, Փեզեշքիանին շնորհավորել է Եվրամիության անունից եւ հարաբերությունների բարելավման հույս հայտնել՝ նկատի ունենալով ԵՄ-Իրան շփումների հեռանկարը: Դա չափազանց կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Մոսկվան եւ Բաքուն Թեհրանին հետևողականորեն ներշնչում են, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը «հետախուզական տեղեկություններ է հավաքում» Իրանի դեմ:

Կանխատեսումներ անելու համար դեռևս վաղ է: Պետք է սպասել, թե Փեզեշքիանը ինչպես է պայմանավորվելու կառավարության առանցքային անդամների նշանակման հարցում: Փորձագետները համոզված են, որ ամեն ինչ որոշվելու է Գերագույն հոգևոր առաջնորդի հետ համաձայնությամբ: Իրանի ներքին իրավիճակին տեղյակ աղբյուրների համոզմամբ՝ եթե երկրում բարեփոխումներ չսկսվեն, տնտեսական սահմանափակումները չհաղթահարվեն, ապա «սպասվում է ներքին պայթյուն»: