14/12/2024

Հայաստանի հանդեպ սահմանադրության ու տարածքային պահանջների պատճառները

Խաղաղ համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված է, մնացած բոլոր հարցերը լուծելի են, բայց մենք չենք կարող առաջ շարժվել՝ աչք փակելով այդ հակամարտության ամենաէքզիստենցիալ, այն է՝ Հայաստանի սահմանադրության տարածքային պահանջների պատճառի վրա, ուստի որքան արագ լուծվի այդ հարցը, այնքան արագ մենք կհասնենք վերջնական որոշման  Հուդզոնի համալսարանի առցանց սեմինարին ելույթում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Հայաստանը սահմանադրություն ընդունել է 1995 թվականին, և այն չի կարող մի հակամարտության «ամենաէքզիստենցիալ պատճառ» լինել, որը գոյություն ունի 1920 թվականին, երբ բոլշևիկյան Ռուսաստանի 11-րդ բանակը Լեռնային Ղարաբաղն օկուպացրել և անջատել է Հայաստանի անկախ հանրապետությունից:

Ամիրբեկովը պետք է իմանա, որ ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն 1991թ. նոյեմբերի 28-ին վճռել է, որ ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Ադրբեջանի ԳԽ որոշումը ԽՍՀՄ սահմանադրությանը չի համապատասխանում, այսինքն՝ չունի իրավական ուժ:

Կազուս բելիի աղբյուրը «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի ԳԽ կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած սահմանադրական ակտն է, որ դրված է Ադրբեջանի 1995թ. սահմանադրության հիմքում, քանի որ այն, և հետևաբար՝ Ադրբեջանի գործող սահմանադրությունը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի:

Իլհամ Ալիևը գործածում է «Հայաստանի ներկայիս տարածք-Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը, իսկ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին: Այսինքն, Իլհամ Ալիևը ոչ թե պատմա-մշակութային կամ քաղաքակրթական բանավեճ է մղում, այլ արտահայտում է Ադրբեջանի պետական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի համար ռազմական ագրեսիայի ենթարկվելու սպառնալիքը իսկապես էքզիստենցիալ է:

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման պետական նպատակադրվածություն չունի: Ադրբեջանը չի ունեցել նաև ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման նպատակ: Հուլիսի 20-ին Իլհամ Ալիևը դա բացահայտ խոստովանեց՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ բանակցություններն Ադրբեջանի համար գնահատելով «օգտակար»:

Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի հետ նա այսօր չի բանակցում «օգտակարության» նույն մոտիվացիայով՝ ժամանակ չի ձգում՝ սպասելով հարմար պահի, որպեսզի իրականացնի այն, ինչ բխում է Ադրբեջանի գործող սահմանադրությունից:

Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ադրպեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) իրավահաջորդն է: Այդ պետությունը հռչակվել է ցարական Ռուսաստանի Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների տարածքում, և նրա սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն:

Այս իմաստով Հայաստանը չի կարող սահմանադրական փոփոխությունների գնալ, եթե Բաքուն «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում փոփոխություն չկատարի և չստանձնի Ադրպեջանի ԽՍՀ իրավահաջորդություն:

Ընդ որում, ոչինչ չի խանգարում, եթե հարաբերությունների կարգավորման մի սկզբունք սահմանվի, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց սահմանադրությունը և ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին, իսկ միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ճանաչել՝ ինչպես սահմանում է ԱՊՀ կազմավորման Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը:

Հայաստանի սահմանադրությունը Բաքվի համար էքզիստենցիալ ոչ մի սպառնալիք չի պարունակում: Ալիևի էքզիստենցիալը Ադրպեջանի ԽՍՀ իրավահաջորդության ընդունումն է: